ՀՍՀ/ՀԵՓԹԱՂՆԵՐ
ՀԵՓԹԱՂՆԵՐ, հփթաղներ, սպիտակ հոներ, ցեղային միավորում (V– VI դդ.): Հին հայկ. աղբյուրներում հիշատակվում են նաև քուշաններ անունով: Հ. հիմնականում արևելա–իրանական ցեղեր էին (ամենահավանական տեսությունն է) և հնարավոր է իրենց մեջ են ընդունել այլ էթնիկական տարրեր, հատկապես հոների ու մազքութների ցեղախմբեր Հ–ի ու հոների ցեղակցությունը հաստատող կռվան է Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի մի տվյալ, ըստ որի, Հ. («կամիճիկ հեփթաղք») բնակեցված էին Կովկասյան լեռնաշղթայի այն տարածքում, որը հետագայում մտել է Հոնաց թագավորության մեջ: Հ–ի բարբարոսական պետությունը IV դ. տարածված էր Միջին Ասիայի մերձկասպյան տարածքում, V– VI դդ. ընդգրկել է Միջին Ասիան, Աֆղանստանը, Հյուսիս–Արևմտյան Հնդկաստանն ու Արևելյան Թուրքեստանի զգալի մասը: Կազմված լինելով քոչվոր ռազմաշունչ ուժերից` Հ–ի պետությունը ավերիչ պատերազմներ է վարել հարևան երկրների, հատկապես Պարսկաստանի դեմ: Հայկ. աղբյուրներում (Եղիշե, Ղազար Փարպեցի) պահպանվել են տեղեկություններ Պարսկաստանի դեմ վարած Հ–ի պատերազմների մասին, որոնց հարկադրաբար մասնակցել են հայոց (հայկ. այրուձին Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ), վրաց և առհասարակ պարսկ. տերությանը հպատակ երկրների ռազմ. ուժերը: 484–ին Հ. կործանիչ հարված հասցրին պարսից զորաբանակներին` արքայից արքա Պերոզի գլխավորությամբ: Սասանյան Պարսկաստանի, Հնդկաստանի ու միջինասիական թուրքերի հարվածների տակ կործանվեց (VI դ. վերջին) Հ–ի ցեղային միավորումը, իսկ իրենք ձուլվեցին հետագայում պետության տարածքը նվաճած ժողովուրդների հետ:
Գրկ. Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1904: Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Թ., 1913: Тревер К. В., Кушаны, хиониты и эфталиты по армянским источникам IV–VII вв., «Советская археология», т. 21, 1954. Բ. Ուլուբաբյան
