Jump to content

ՀՍՀ/ՀԵՔՍԱԳՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԵՔՍԱԳՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (հուն. ἑξάγωνος — վեցանկյուն), բյուրեղագիտական համակարգ: Ընդգրկում է համաչափության հինգ տեսակ, որոնք բնորոշվում են վեցերորդ կարգի մեկ առանցքի և երկրաչափական հաստատունների (a=b≠c; α=β=90°; γ=120°) առկայությամբ: Որոշ բյուրեղագետներ Հ. հ-ի մեջ են ներառում նաև համաչափության տրիգոնային համակարգի յոթ տեսակ: Հ. հ-ի մեջ են մտնում համաչափության հետևյալ տեսակները. 1. հեքսագոնապիրամիդային (մասնակցում է վեցերորդ կարգի միայն մեկ առանցք՝ L⁶), 2. հեքսագոնա-տրապեցոէդրային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրան ուղղահայաց երկրորդ կարգի վեց առանցք՝ L⁶L₂), 3. հեքսագոնադիպիրամիդային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրան ուղղահայաց համաչափության մեկ հարթություն, նրանց հատման կետում համաչափության կենտրոն՝ L⁶PC), 4. դիհեքսագոնա-պիրամիդային (վեցերորդ կարգի մեկ առանցք և նրա հետ հատվող համաչափության վեց հարթություն՝ L⁶P), 5. դիհեքսագոնա-դիպիրամիդային (վեցերորդ կարգի մեկ առանցք, նրան ուղղահայաց երկրորդ կարգի վեց առանցք, համաչափության յոթ հարթություն, որոնցից մեկը ուղղահայաց է գլխավոր առանցքին, իսկ մնացած վեցը հատվում են այդ առանցքի հետ, առկա է նաև համաչափության կենտրոն՝ L⁶L₂7PC): Հ. հ-ին են պատկանում, տրիգոնայինի հետ մեկտեղ, բյուրեղագիտական տեսակետից ուսումնասիրված բոլոր միներալների և այլ նյութերի մոտ 7,5%-ը, այդ թվում՝ քվարցը, բերիլը, ապատիտը ևն: