ՀՍՀ/ՀԻԴՐԱՎԼԻԿԱ
ՀԻԴՐԱՎԼԻԿԱ (հուն. ջրային, ջուր և–խողովակ), գիտություն հեղուկների շարժման ու հավասարակշռության օրենքների և դրանք ինժեներական խնդիրների լուծումներում կիրառելու եղանակների մասին: Ի տարբերություն հիդրոմեխանիկայի, Հ. հեղուկների հոսքի երևույթների հետազոտման նկատմամբ ունի առանձնահատուկ մոտեցում, այն շատ դեպքերում սահմանափակվում է միաչափ շարժման քննարկմամբ և, լայնորեն օգտագործելով ինչպես լաբորատոր, այնպես էլ բնական պայմանների փորձը, տալիս մոտավոր կախվածություններ: Հ. ուսումնասիրում է կաթիլային հեղուկները` դրանք, սովորաբար, ընդունելով անսեղմելի: Հ–ի օրենքները կիրառելի են նաև գազերի համար, երբ դրանցում ճնշումը և խտությունը գրեթե հաստատուն են: Գազերի մեծ արագություններով հոսքերը հետազոտում է նաև գազային դինամիկան: Դիտարկելով, գլխավորապես, հեղուկների շարժումը հաստատուն (կոշտ) սահմաններում` Հ. համարյա չի շոշափում շրջահոսվող մարմինների մակերևույթների վրա ուժային ներգործության բաշխման հարցը, որին մեծ ուշադրություն է դարձվում աերոդինամիկայում: Հ. սովորաբար ստորաբաժանվում է երկու մասի. Հ–ի տեսական հիմունքներ, որտեղ շարադրվում են հեղուկների հավասարակշռության և շարժման ուսմունքի կարևորագույն դրույթները, և գործնական Հ., որն այդ դրույթները կիրառում է ինժեներական մասնակի հարցերի լուծման համար: Գործնական Հ–ի հիմնական բաժիններն են. հոսք խողովակներով (խողովակաշարերի Հ.), հոսք ջրանցքներում և գետերում (բաց հուների Հ.), հեղուկի արտահոսք բացվածքներից և շրթափներով, շարժում ծակոտկեն միջավայրերում (ֆիլտրում), հոսքի և պինդ արգելապատնեշի փոխազդեցություն (կառույցների Հ.): Թվարկված բոլոր բաժիններում հեղուկի շարժումը դիտարկվում է ինչպես կայունացած, այնպես էլ անկայուն (ոչ ստացիոնար): Ուսումնասիրելով հեղուկների հավասարակշռությունը` Հ. հետազոտում է հիդրոստատիկայի ընդհանուր օրենքները, ինչպես նաև մասնակի հարցեր, հեղուկի ճնշումը տարբեր անոթների, խողովակների պատերի, ամբարտակների, կամրջասյուների ու կամրջակալների, հեղուկում ընկղմված մարմինների վրա (տես Արքիմեդի օրենք), լողացող մարմինների հավասարակշռության պայմանները (տես Մարմինների լողալը): Դիտարկելով հեղուկի շարժումը` Հ. օգտվում է հիդրոդինամիկայի հիմնական հավասարումներից, որոնցից կարևորագույններն են Բեռնույիի հավասարումը իրական հեղուկի համար և անխզելիության հավասարումը` հիդբավլիկական տեսքով: Հ. մանրամասնորեն դիտարկում է հեղուկի հոսքի տարբեր ռեժիմների (տես Լամինար հոսանք, Տուրբուլենտ հոսանք) դեպքում առաջացող հիդրավլիկական դիմադրությունների հարցը, ինչպես նաև մի ռեժիմից մյուսին անցնելու պայմանները (տես Ռեյնոլդսի թիվ): Խողովակաշարերի Հ. տալիս է տրված պայմաններում հեղուկի տրված ծախսի թողարկման համար անհրաժեշտ խողովակների չափսերի որոշման և տարբեր նշանակման խողովակաշարերի (ջրմուղ ցանցեր, նավթամուղներ ևն) նախագծման և շինարարության ընթացքում առաջացող մի շարք հարցերի լուծման եղանակները: Այս բաժնում է դիտարկվում խողովակներում արագությունների բաշխման հարցը, որը մեծ նշանակություն ունի ջերմահաղորդման, պնևմատիկական և հիդրավլիկական տրանսպորտի սարքերի, հեղուկի ծախսի չափման ու այլ հաշվարկների համար: Բաց հուների Հ. ուսումնասիրում է ջրի հոսքը ջրանցքներում ու գետերում: Այստեղ տրվում են ջրանցքներում ջրի խորության որոշման եղանակները (ջրի տրված ծախսի և հատակի թեքության դեպքում), որոնք լայնորեն կիրառվում են նավարկելի, ոռոգման, չորացման և հիդրոէներգետիկական ջրանցքների նախագծման, գետերի վրա ուղղորդիչ աշխատանքների կատարման ևն դեպքերում: Բաց հուների Հ. հետազոտում է նաև հոսքի լայնական հատվածքում արագությունների բաշխման հարցը, որը չափազանց էական է ջրաչափության, ջրաբերուկների շարժման հաշվարկի համար ևն: Հ–ի` բացվածքներից և ջրթափներով արտահոսքին հատկացված բաժիններում բերվում են հաշվարկային առնչություններ` ռեզերվուարներում, շլյուզներում, ամբարտակներում, ջրթող խողովակներում և այլ կառույցներում եղած բացվածքների անհրաժեշտ չափերը որոշելու, ինչպես նաև հեղուկների արտահոսքի արագությունները և ռեզերվուարների դատարկման ժամանակը հաշվելու համար: Ֆիլտրման Հ–ական տեսությանը տալիս է ջրահոսքի դեբիտի և արագության հաշվարկման մեթոդները` անճնշում և ճնշումային հոսքերի տարբեր պայմանների դեպքում (ջրի ֆիլտրում ամբարտակներով, նավթի, գազի և ջրի ֆիլտրում շերտային պայմաններում ևն): Հ–ում են դիտարկվում նաև ջրաբերուկների շարժումը բաց հոսքերում և ապարախյուսի տեղափոխությունը խողովակներում, հիդրավլիկական երևույթների մոդելավորումը, հիդրավլիկական չափումների մեթոդները ևն: Հիդրոտեխնիկական կառույցների հաշվարկի համար էական նշանակություն ունեցող Հ–ի հարցերը (անհավասարաչափ և անկայան շարժում բաց հուներով ու խողովակներով, ֆիլտրում ևն) երբեմն միավորում են «ինժեներական Հ» կամ «կառույցների Հ.» ընդհանուր անվանմամբ: Հ–ի ընդգրկած հարցերի շրջանը չափազանց ընդարձակ է, և Հ–ի օրենքներն այս կամ այն չափով գործնական կիրառում են գտնում ինժեներական գործունեության բոլոր բնագավառներում:
Գրկ. Богомолов А. И., Михайлов К. А., Гидравлика, М., 1965 Чугаев Р. Р., Гидравлика, М.–Л., 1970.
