Jump to content

ՀՍՀ/ՀԻԴՐՈՀԱՂՈՐԴԱԿ ՄԵՔԵՆԱՅԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԴՐՈՀԱՂՈՐԴԱԿ ՄԵՔԵՆԱՅԻ, էներգիայի աղբյուրի և այդ էներգիան հեղուկի միջոցով փոխակերպելու ու դեպի գործարկվող մեքենան փոխադրելու սարքավորման համախումբ: Որպես էներգիայի աղբյուր օգտագործում են էլեկտրական կամ ջերմային շարժիչներ, ճնշման տակ գտնվող հեղուկ ևն: Կախված հիդրավլիկական փոխանցման տեսակից հիդրոհաղորդակները լինում են հիդրոստատիկական (ծավալային), հիդրոդինամիկական և խառը: Ծավալային հիդրոհաղորդակը թույլ է տալիս կամայական բեռնավորման դեպքում, մեծ ճշգրտությամբ պահպանել կամ փոփոխել մեքենայի արագությունը, ճիշտ վերարտադրել պտտական կամ հետադարձ–համընթաց շարժման տրված ռեժիմները: Առավելապես կիրառվում է մետաղահատ հաստոցներում, մամլիչներում, թռչող ապարատների, նավերի, ծանր ավտոմոբիլների կառավարման համակարգերում, ջերմային շարժիչների, հիդրոտուրբինների ավտոմատ կառավարման և կարգավորման համակարգերում: Դինամիկական հիդրոհաղորդակը հնարավորություն է ընձեռում իրականացնել միայն պտտական շարժում: Կիրառում են նավերում` պտուտակների հաղորդակի, ինչպես նաև ստացիոնար տեղակայանքներում` ՋԵԿ–երի սնման պոմպերի օդափոխիչների հաղորդակի համար ևն: Խառը հիդրոհաղորդակի օրինակ է դրոշմման մամլիչների առանձին կոնստրուկցիաների հաղորդակը, որտեղ էներգիան էլեկտրաշարժիչից վերցվում է կենտրոնախույս պոմպով, որը հեղուկը մատուցում է հիդրավլիկական գլանին, վերջինս էլ շարժման մեջ է դնում մամլիչի աշխատանքային գործիքը: