ՀՍՀ/ՀԻԴՐՈՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԻԴՐՈՁԱՅՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (հիդրո… և ձայնագիտության), ձայնագիտության բաժին, որը ստորջրյա լոկացիայի և կապի նպատակներով ուսումնասիրում է ձայնային ալիքների տարածումը իրական ջրային միջավայրում (օվկիանոսներում, ծովերում, լճերում): Ջրում ձայնն ավելի ուշ է մարում, քան, ասենք, օդում, այդ պատճառով ստորջրյա ձայնի տարածման հեռահարությունը մեծ է: Ընդ որում լաբորատոր փորձերում վերջինս ավելի մեծ է ստացվում, քան բնական պայմաններում: Պատճառն այն է, որ բնական պայմաններում դրսևորվում են ձայնի բեկունակությունը, ցրումն ու կլանումը: Բեկունակությունը պայմանավորված է ջրի հատկությունների անհամասեռությամբ, այսինքն, խորությունից կախված` հիդրոստատիկ ճնշման, աղայնության և ջերմաստիճանի փոփոխությամբ: Ձայնի տարածման արագությունը ջրում կախված է նաև տարվա եղանակից, օրվա ժամից ևն: Հորիզոնի նկատմամբ որոշ անկյուն կազմող ձայնային ճառագայթները թեքվում են, ընդ որում թեքման ուղղությունը կախված է միջավայրում ձայնի արագությունների բաշխումից: Ամռանը, երբ ջրի վերին շերտերն ավելի տաք են, քան ստորին շերտերը, ճառագայթները թեքվում են դեպի ներքև և հիմնականում անդրադառնում հատակից` կորցնելով էներգիայի զգալի մասը: Ձմռանը, ընդհակառակը, վերին շերտերը սառչում են, և ճառագայթները թեքվում են դեպի վերև` բազմակի անդրադարձման ենթարկվելով ջրի մակերևույթից, էներգիայի կորուստն այս դեպքում զգալիորեն ավելի քիչ է: Այդ պատճառով ձմռանը ձայնի տարածման հեռահարությունն ավելի մեծ է, քան ամռանը: Բեկունակության հետևանքով գոյանում են, այսպես կոչված, մեռյալ գոտիներ (ստվերի գոտիներ), այսինքն` աղբյուրից ոչ հեռու գտնվող տիրույթներ, որտեղ լսելիությունը բացակայում է: Բեկունակության առկայությունը կարող է հանգեցնել նաև ստորջրյա ձայնի տարածման հեռահարության մեծացմանը (գերհեռահարություն): Առաջանում է ստորջրյա յուրատեսակ ձայնային անցուղի, որը հնարավորություն է տալիս նույնիսկ միջին ինտենսիվության ձայնը գրանցել հարյուր և հազարավոր կմ հեռավորությունից: Այդ անցուղու առանցքից շեղված ճառագայթները բեկունակության հետևանքով ձգտում են նորից ընկնել անցուղու մեջ: Բարձր հաճախականության ձայնի (ուլտրաձայն) տարածման վրա ազդում են բնական ջրամբարներում առկա մանր անհամասեռությունները` միկրոօրգանիզմները, գազի պղպջակները ևն, որոնք կլանում կամ ցրում են ձայնային ալիքները և կրճատում նրանց տարածման հեռահարությունը: Այս հանգամանքով է պայմանավորված ստորջրյա ռևերբերացիայի երևույթը, որը խանգարիչ դեր է կատարում Հ–յան գործնական կիրառումների, մասնավորապես հիդրոլոկացիայի համար: Ստորջրյա ձայնի տարածման հեռահարությունը սահմանափակվում է նաև ծովի սեփական աղմուկներով (ալեբախություն, ձկների և ծովային կենդանիների արձակած ձայներ ևն): Հ. գործնական լայն կիրառություններ ունի, քանի որ ձայնը ստորջրյա կապի միակ հնարավոր միջոցն է: Իբրև ճառագայթիչներ և ընդունիչներ օգտագործում են էլեկտրադինամիկական, պիեզոէլեկտրական և մագնիսաստրիկցիոն ճառագայթիչները, հիդրոֆոնը: Հ–յան կարևոր կիրառություններից են էխոլոտը, հիդրոլոկատորը, որոնք ծառայում են ծովագնացության, ձկնարդյունաբերական հետախուզության, ռազմական նպատակների համար:
Գրկ. Подводная акустика, пер. с англ., под. ред. Л.М. Бреховских, т. 1–2, М., 1965–70 Сташкевич А. П., Акустика моря, л., 1966.
