ՀՍՀ/ՀԻԴՐՈՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ
ՀԻԴՐՈՄԵԿՈՒՍԻՉ ՆՅՈՒԹԵՐ, շինարարական կոնստրուկցիաները, շենքերն ու կառույցները ջրի և քիմիապես ագրեսիվ հեղուկների (թթուներ, հիմքեր ևն) ազդեցությունից պաշտպանելու համար օգտագործվող նյութեր: Ըստ նշանակման տարբերում են հակազտիչ, հակակոռոզիոն և հերմետացնող Հ. ն., ըստ հիմնական նյութի տեսակի` ասֆալտային, միներալային, պլաստմասսային և մետաղական: Ասֆալտային Հ. ն. կիրառում են փոշու, ավազի և խճի խառնուրդից պատրաստված նավթային բիտումների տեսքով: Բիտումները և ասֆալտներն օգտագործում են կառույցների մակերևույթների ներկման, սվաղման, դեֆորմացիոն կարերի խտացման համար, ինչպես նաև հատային Հ. ն–ի պատրաստման ժամանակ: Միներալային Հ. ն–ի համար հիմք են ծառայում ցեմենտները, կավը և այլ հանքային կապակցանյութեր: Կիրառում են ներկա– և սվաղապատվածքների համար, հակազտիչ պաշտպանության դեպքում` զանգվածային հիդրոմեկուսիչ կոնստրուկցիաների համար: Պլաստմասսային Հ. ն. օգտագործում են ներկման, սվաղման և պաստառապատման միջոցով մակերևույթների հիդրոմեկուսացման, ինչպես նաև կառույցների դեֆորմացիոն կարերի խտացման համար: Մետաղական Հ. ն. արույրից, պղնձից, կապարից, սովորական կամ չժանգոտվող պողպատից պատրաստված թերթեր են, որոնք օգտագործվում են առավել պատասխանատու դեպքերում (ռեզերվուարներ, ամբարտակներ, դիաֆրագմաներ)` մակերևութային հիդրոմեկուսացման և դեֆորմացիոն կարերի խտացման համար: Մետաղական Հ. ն. աստիճանաբար փոխարինվում են պլաստմասսային Հ. ն–ով և ապակե պլաստիկներով:
