ՀՍՀ/ՀԻԴՐՈՄԵՏԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀԻԴՐՈՄԵՏԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, Հիդրոմետեորոլոգիայի և բնական միջավայրի վերահսկողության հայկական հանրապետական վարչություն, պետական կազմակերպություն, որի խնդիրներն են.
1. ապահովել ժողովրդական տնտեսությունը օդերևութաբանական, ագրոկլիմայական և ջրային ռեսուրսների մասին ինֆորմացիայով, երկրի արհեստական օդերևութաբանական արբանյակներից ստացվող տվյալներով:
2. Կանխագուշակել և զգուշացնել ժողովրդական տնտեսությանը սպառնացող օդերևութաբանական վտանգավոր երևույթների, բնական միջավայրի աղտոտվածության մակարդակի, երկրի մակերևույթի և երկրամերձ տիեզերական տարածության ռադիացիոն իրավիճակի փոփոխությունների մասին:
3. Բնական միջավայրի պահպանման նպատակով հսկողություն սահմանել նրա աղտոտման աղբյուրների վրա:
4. Մշակել և կենսագործել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վրա ակտիվորեն ներգործելու մեթոդներ:
5. Ուսումնասիրել մթնոլորտի, ցամաքի, ջրերի, ծովերի, օվկիանոսների քիմ. կազմը, կոորդինացնել օդերևութաբանական և հիդրոլոգիական գիտական հետազոտությունները: Հ. մտնում է Հիդրոմետեորոլոգիայի և բնական միջավայրի վերահսկողության ՍՍՀՄ պետական կոմիտեի համակարգի մեջ: Հայկական ՍՍՀ–ում Հ–յան աշխատանքներն սկսվել են 1925–ից:
Ս. Շահինյան
