Jump to content

ՀՍՀ/ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱ (հիդրո… և տեխնիկա), գիտության և տեխնիկայի բնագավառ, որն զբաղվում է ջրային ռեսուրսների ուսումնասիրությամբ, տնտեսական նպատակներով դրանց օգտագործմամբ և ինժեներական կառույցների (տես Հիդրոտեխնիկական կառույցներ) օգնությամբ ջրերի վնասակար ազդեցության դեմ պայքարով: Հ. ունի հետևյալ հիմնական ուղղությունները (ըստ ջրային տնտեսության սպասարկվող բնագավառի), ջրային էներգիայի օգտագործում (տես Հիդրոէներգետիկա), ջրային ուղիներով նավագնացության և լաստառաքման ապահովում, գյուղատնտեսական հողերի ոռոգում, ջրարբիացում և չորացում, բնակչության, տրանսպորտի ու արտադրական ձեռնարկությունների ջրամատակարարում, բարեկարգված տերիտորիաներից ավելցուկային, աղտոտված ջրերի և կեղտաջրերի հեռացում, ձկնարդյունաբերության համար անհրաժեշտ պայմանների ապահովում ևն: Հ–ի այսպիսի բաժանումը որոշ չափով պայմանական է, քանի որ ջրերի օգտագործումը, մեծամասամբ, համալիր բնույթ է կրում, այսինքն` միաժամանակ լուծվում են ջրատնտեսական մի քանի խնդիրներ: Որպես կիրառական գիտություն, Հ. հիմնվում է ջրի մասին մի շարք այլ գիտությունների` հիդրոլոգիայի, հիդրոմեխանիկայի, հիդրավլիկայի և ինժեներաշինարարական ցիկլի մի շարք գիտական առարկաների` ինժեներական երկրաբանության, գրունտների մեխանիկայի ևնի վրա: Հ–ի, որպես գիտության, կարևորագույն խնդիրներն են. հուների և հիդրոտեխնիկական կառույցների վրա ջրային հոսքերի վնասակար ազդեցության, առափնյա տերիտորիաները դրանից պաշտպանելու եղանակների ուսումնասիրությունը, գետի հոսքի կարգավորման մեթոդների մշակումը, հիմնատակերի և կառույցների (հատկապես հողե) գրունտներով ջրի ֆիլտրման հետազոտությունը ևն: Տեսական խնդիրների ուսումնասիրման հիման վրա Հ. մշակում է հիդրոտեխնիկական կառույցների հաշվարկի և նախագծման մեթոդներ, դրանց կառուցման և շահագործման եղանակներ: Բացի տեսական հետազոտություններ կատարելու եղանակից, Հ–ի բազմաթիվ հարցեր լուծվում են գործնական ճանապարհով` լաբորատորային մոդելավորման միջոցով է բնական պայմաններում տարվող հետազոտությունների (օրինակ, կառույցների հիդրավլիկական ռեժիմի, դրանց տարրերի և կոնստրուկցիաների լարումային վիճակների ու դեֆորմացիաների ևն) օգնությամբ: Հ. գիտության և տեխնիկայի հնագույն բնագավառներից է: Դեռ 4400 տարի մ. թ. ա. Եգիպտոսում կառուցվում էին ջրանցքներ` Նեղոս գետի հովտում հողեր ոռոգելու նպատակով: Բաբելոնում 43 հզ. տարի մ. թ. ա. գոյություն ունեին ջրմուղներով և արտեզյան ջրհորներով ապահովված քաղաքներ, Հունաստանի և Հռոմի ծաղկման ժամանակաշրջանում Հ. մեծ զարգացում ստացավ: XVII– XVIII դդ. մանուֆակտուրայի երևան գալը, առևտրի ընդարձակումը և քաղաքների աճը առաջ բերեցին հիդրոտեխնիկական շինարարության վերելք: Գ. Գալիլեյի, Բ. Պասկալի, Ն. Նյուտոնի, Մ. Լոմոնոսովի, Դ. Բեռնուլիի աշխատանքները նշանակալիորեն բարձրացրին Հ–ի տեսական հիմքը, որը հնարավորություն տվեց անցնելու ավելի բարդ կառույցների ստեղծմանը: Հիդրոտեխնիկական շինարարությունը նոր վերելք ապրեց XIX դ. երկրորդ կեսին` արդյունաբերության աճի և ջրամատակարարման կարիք զգացող խոշոր քաղաքների զարգացման հետևանքով: Ռուսաստանում Հ. վերելքի հասավ XVII– XVIII դդ.: Այդ ժամանակաշրջանում ստեղծվեցին ավելի քան 200 գործարանային ամբարտակներ և հիդրոասրքեր` Ուրալում, Ալթայում և այլուր: Հ. մեծ զարգացում ապրեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: Հիդրոտեխնիկական խոշոր շինարարությունը պահանջեց նոր, Ռուսաստանում առաջներում չկիրառված, տիպերի հիդրոտեխնիկական կառույցների մշակում, ինչպես նաև ՍՍՀՄ բնական պայմանների յուրահատկություններից բխող պրոբլեմների լուծում: Այսպես, հաջողությամբ լուծվեց երկրի հարթավայրային գետերին բնորոշ կավային և ավազային հիմնատակերի վրա ամբարտակներ կառուցելու հարցը (Ավիրի, Ռիբինսկի, Ցիմլյանսկի ամբարտակները), մշակվեցին հողե, թեթև բետոնե և երկաթբետոնե ամբարտակների նոր տիպեր, ստեղծվեցին նավարկելի շլյուզների, ջրառու, կարգավորման և նավահանգստային կառույցների նոր կոնստրուկցիաների, կատարելագործվեցին աշխատանքների կատարման եղանակները:

Գրկ. Берг В. А., Основы гидротехники, Л., 1963 Денисов И. П., Основы использования водной энергии, 2 изд.М.–Л., 1964 Гришин М.М., Гидротехнические сооружения, М., 1968.