Jump to content

ՀՍՀ/ՀԻԴՐՈՖՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԴՐՈՖՈՆ (հիդրո… և …ֆոն), էլեկտրաձայնային փոխակերպիչ, որը կիրառվում է հիդրոձայնագիտության մեջ` ստորջրյա աղմուկներն ու ազդանշանները լսելու, չափումներ կատարելու համար: Հ. նաև հիդրոձայնային ուղղորդված ընդունիչ անտենաների բաղկացուցիչ տարրն է: Առավել տարածված են էլեկտրադինամիկական, պիեզոէլեկտրական և մագնիսաստրիկցիոն երևույթների վրա հիմնված Հ–ները: Էլեկտրադինամիկական Հ. սկզբունքորեն չի տարբերվում օդային էլեկտրադինամիկական միկրոֆոնից: Պիեզոէլեկտրական Հ–ում օգտագործվում է որոշ բյուրեղների, ինչպես նաև պիեզոէլեկտրական խեցեղեն նյութերի ուղիղ պիեզոէֆեկտը (տես Պիեզոէլեկտրականություն): Մագնիսաստրիկցիոն Հ–ի աշխատանքը հիմնված է ֆեռոմագնիսական որոշ մետաղների հակադարձ մագնիսաստրիկցիոն երևույթի (տես Մագնիսաստրիկցիա) վրա: Չափումների համար նախատեսված Հ. պետք է լինի ոչ ուղղորդված և հետազոտվող հաճախականությունների ամբողջ տիրույթում ունենա հավասար հաճախային բնութագիր: Այդ նպատակով հարմար է օգտվել ալիքի երկարության համեմատությամբ փոքր շառավիղ ունեցող և պիեզոխեցեղենից պատրաստված գնդաձև սնամեջ ընդունիչներից, որոնք կատարում են գնդային սիմետրիկ տատանումներ: Հ–ի հիմնական բնութագրերից մեկը զգայնությունն է, որը որոշվում է էլեկտրական լարման և ձայնի ճնշման հարաբերությամբ և չափվում է մկվ բար–ով:

Լ. Պետրոսյան