Jump to content

ՀՍՀ/ՀԻԵՐԱՐԽԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԵՐԱՐԽԻԱ (հուն. սրբազան և– իշխանություն), ամբողջի մասերի կամ տարրերի դասավորումը ըստ բարձրից ցածր կարգի: «Հ» տերմինը գործածել է Դիոնիսիոս Կեղծ– Արեոպագիտեսը (V դ. 2–րդ կեսից ոչ շուտ) «Երկնային հիերարխիայի մասին» և «Եկեղեցական հիերարխիայի մասին» տրակտատներում, և մինչև XIX դ. Հ. գործածվել է քրիստոնեական եկեղեցու կազմակերպությանը բնութագրելու համար: Գիտության մեջ Հ. հասկացությունն սկսել է մշակվել XIX դ. 2–րդ կեսից: Սոցիալական գիտություններում, սկզբնապես Հ. հասկացությունը կիրառվում էր հակամարտ հասարակության մեջ դասային–դասակարգագային բաժանումները (օրինակ, ֆեոդալական Հ.) և իշխանության կառուցվածքը, հատկապես բյուրոկրատիան բնութագրելու համար: Ժամանակակից բուրժ. սոցիոլոգիայի մեջ բազմաթիվ ուսումնասիրություններ են նվիրվում հեղինակության Հ–ին, հարստության Հ–ին, իշխանության Հ–ին ևն: XX դ. համակարգերի ընդհանուր տեսության առաջացմամբ Հ. հասկացությունը սկսվեց կիրառվել ցանկացած համակարգային օբյեկտների նկարագրման համար: