Jump to content

ՀՍՀ/ՀԻԼԲԵՐՏ ԴԱՎԻԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻԼԲԵՐՏ (Hilbert) Դավիդ 23.1.1862 Վելաո (Քյոնիգսբերգի մոտ)–14.2.1943 Գյոթինգեն, գերմանացի մաթեմատիկոս: Ավարտել է Քյոնիգսբերգի համալսարանը 1893–95–ին` նույն համալսարանի պրոֆեսոր: 1895–1930–ին` Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր: Իշխանությունը հիտլերականներին անցնելուց (1933) հետո համալսարանական գործերով չի զբաղվել: Հ–ի հետազոտությունները մեծապես նպաստել են մաթեմատիկայի բազմաթիվ բաժինների զարգացմանը: Ինվարիանտների տեսությունում Հ. ապացուցել է ինվարիանտների համակարգի վերջավոր բազիսի, գոյության մասին հիմնական թեորեմը: Հանրահաշվական թվերի տեսությունում Հ–ի աշխատանքները վերափոխել են մաթեմատիկայի այդ բնագավառը ու ելակետ դարձել դրա հետագա զարգացաման համար: Հ–ի կառուցած սիմետրիկ կորիզով ինտեգրալ հավասարումների տեսությունը դարձավ արդի ֆունկցիոնալ անալիզի և առանձնապես գծային օպերատորների սպեկտրալ տեսության հիմքերից մեկը (տես Հիլբերտյան տարածություն): Մաթ. ֆիզիկայում Հ. զբաղվում էր վարիացիոն սկզբունքներով և ճառագայթման տեսության ավելի հատուկ պրոբլեմներով: Հ–ի «Երկրաչափության հիմունքները» (1899) մեծապես խթանեց երկրաչափության աքսիոմատիկ կառուցման հետագա աշխատանքները: 1922–ին Հ–ի մոտ ձևավորվեց ողջ մաթեմատիկայի լրիվ ձևականացման և ձևականացված մաթեմատիկայի անհակասելիության «մետամաթեմատիկական» ապացուցումով հիմնավորելու առավել լայն ծրագիր: Պ. Բեռնայսի հետ գրած «Մաթեմատիկայի հիմնավորումը» երկհատորյակը, ուր մանրակրկիտ զարգացվում է այս կոնցեպցիպն, լույս տեսավ 1934–ին (1 հ.) և 1939–ին: Այս բնագավառում Հ–ի հույսերը չարդարացան, պարզվեց, որ ձևականացված մաթ. տեսությունների անհակասելիության խնդիրը շատ ավելի խորն է ու բարդ, քան ենթադրում էր սկզբից Հ.: Բայց մաթեմատիկայի տրամաբանական հիմքերի վերաբերյալ աշխատանքները հիմնականում ընթանում են Հ–ի նշած ուղիներով և օգտվում նրա ստեղծած կոնցեպցիաներից: Տրամաբանական տեսակետից անհրաժեշտ համարելով մաթեմատիկայի լրիվ ձևականացումը` Հ. միևնույն ժամանակ հավատում էր ստեղծագործական մաթ. ինտուիցիայի ուժին: Նա մաթ. տեսությունները արտակարգ պատկերավոր շարադրելու մեծ վարպետ էր: Հ–ի ստեղծագործությանը հատուկ է հավատը մարդկային մտքի ուժի անսահմանափակության ու մաթեմատիկայի և բնագիտության միասնականության հանդեպ:

Գրկ. Рид К., Гильберт, пер. с англ., М., 1977.