ՀՍՀ/ՀԻԼԴԵԲՐԱՆԴ
ՀԻԼԴԵԲՐԱՆԴ (Hildebrand) Ադոլֆ ֆոն (1847–1921), գերմանացի քանդակագործ և արվեստի տեսաբան: Սովորել է Նյուրնբերգի (1864–66) և Մյունխենի (1866–1867) գեղարվեստի դպրոցներում: Կրել է գեղանկարիչ Հ. ֆոն Մարեի և իդեալիստ գեղագետ Կ. Ֆիդլերի ազդեցությունը: Նրա արվեստին բնորոշ է ներքին ինքնամփոփություն, կերպարների որոշ սառնություն, պլաստիկություն, ձևերի ստատիկություն և կոմպոզիցիայի արխիտեկտոնիկ հստակություն«Ադամ», 1878, Կերպարվեստի թանգարան, Լայպցիգ, «Գունդ խաղացողը» («Պատանի»), 1884, Ազգային պատկերասրահ, Բեռլին, երկուսն էլ` մարմար: Արվեստում ձևերի և տարածական պատկերացումների փոխներգործության հիմնական օրինաչափությունները բացարձակացնող Հ–ի իդեալիստական կոնցեպցիաները զարգացրել են XIX դ. վերջի և XX դ. սկզբի արվեստաբաններ Հ. Վյոլֆլինը, Ա. Ռիգլը և ուրիշներ: Հայտնի է Հ–ի «Ձևի պրոբլեմը կերպարվեստում» (1893) աշխատությունը:
