ՀՍՀ/ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐ, սոցիալիստտկան հասարակարգի ազգային հարստության կարևորագույն մասը: Ըստ նշանակման ստորաբաժանվում են արտադրականի և ոչ արտադրականի: Արտադրական Հ. ֆ. աշխատանքի միջոցներ են, որ գործում են սոցիալիստական հասարակարգի նյութական արտադրության ոլորտում, արտադրությունը սպասարկում են երկար ժամանակաընթացքում, արտադրական պրոցեսին մասնակցում են ամբողջությամբ ու բազմաթիվ անգամ: Դրանք պահպանում են բնաիրային ձևը և սեփական արժեքն աստիճանաբար (մաս–մաս), մաշվածքի չափով փոխանցում իրենց օգնությամբ արտադրված արդյունքին: Արտադրական Հ. ֆ. տնտ. նոր կատեգորիա է, որն առաջացել է կապիտալիզմը սոցիալիզմով փոխարինելու և «հիմնական կապիտալ» կատեգորիայի մահացման հետևանքով: Այն արտահայտում է սոցիալիստական արտադրահարաբերությունները, հանդես է գալիս որպես սոցիալիստական հանրայնացված աշխատանքի միջոց, որը բացառում է շահագործական հարաբերությունները և կազմակերպվում պլանաչափության սկզբունքով: ՍՍՀՄ արտադրական Հ. ֆ. զարգացած սոցիալիստական հասարակարգի նյութատեխնիկական բազայի միջուկն են և պայմանավորում են արտադրության բոլոր տարրերի ֆունկցիոնալ դերը` դրանց միասնության ու փոխկապվածության մեջ: Արտադրական Հ. ֆ–ի ընդլայնված վերարտադրության ընթացքում, առաջավոր տեխնիկայի բազայի վրա, ստեղծվում են նյութական բարիքների առատության ու մարդու համակողմանի զարգացման նախադրյալներ: 1979–ին (հունվ. 1–ի դրությամբ), 1965–ի համեմատ, ՍՍՀՄ ժողտնտեսության արտադրական Հ. ֆ. աճել են 2,8 անգամ, կազմել 1006 մլրդ ռ.: Ըստ ՍՍՀՄ–ում ընդունված դասակարգման, արտադրական Հ. ֆ–ին վերաբերում են` արտադրական շենքերն ու կառույցները, ուժային ու բանող մեքենաները, փոխանցող հարդարանքները, չափող ու կարգավորող սարքերը, լաբորատոր սարքավորումը, հաշվողական տեխնիկան, տրանսպորտի միջոցները, գործիքներն ու գույքը (որ ծառայում են 1 տարուց ավելի և ունեն 50 ռ. ավելի արժեք), բանող ու մթերատու անասունները ևն: Թվարկված տարրերի հարաբերակցությունն արտադրական Հ. ֆ–ի ընդհանուր արժեքում արտադրության տարբեր ճյուղերում նույնը չէ: Օրինակ, արդյունահանող արդյունաբերության մեջ կառույցների բաժինը, որպես կարգ, մեծ է, քան վերամշակող արդյունաբերության մեջ: Արտադրական Հ. ֆ–ի կառուցվածքը տարբեր է նաև նույն ճյուղի ձեռնարկություններում: Մեքենայացման ու ավտոմատացման, արտադրության համակենտրոնացման առավել բարձր մակարդակ ունեցող ձեռնարկություններում մեծ է սարքավորումների, փոքր` շենքերի տեսակարար կշիռը: Արտադրական Հ. ֆ–ի առանձին տարրերի հարաբերակցության վրա էապես ազդում են աշխարհագրական տեղաբաշխումն ու կլիմայական պայմանները: Բոլոր, արտադրական Հ. ֆ. բաժանվում են ակտիվ (մեքենաներ, սարքավորում, սարքեր) և պասսիվ (շենքեր, կառույցներ) մասերի: Աշխատանքի արդյունավետության բարձրացման համար վճռորոշն ակտիվ մասն է, որն ապահովում է արտադրական պրոցեսների մեքենայացումն ու ավտոմատացումը, տեխնիկայի որակական ու քանակական աճը, անմիջականորեն ազդում աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա: Պասսիվ մասի ազղեցությունն անուղղակի է, սակայն ժողտնտեսության մի շարք ճյուղերում (նավթարդյունահանող, ածխի ևն) կառույցները արտադրական Հ. ֆ–ի ակտիվ գործող մասն են և մեքենաների հետ հանդիսանում են արտադրության աճի կարևոր գործոններ: Արտադրական Հ. ֆ–ի ամբողջ մասսայում մեքենաների բաժնի ավելացումն ապահովում է տեխ. զինվածության և աշխատանքի արտադրողականության աճը: Շենքերը, որ ապահովում են աշխատանքի սանիտարա–հիգիենիկ պայմանները, նույնպես ազդում են աշխատանքի արտադրողական ուժի վրա: Այստեղից էլ` օպտիմալ է համարվում արտադրական Հ. ֆ–ի ակտիվ ու պասսիվ մասերի այնպիսի հարաբերակցությունը, երբ աշխատանքի պաշտպանության ու անվտանգության տեխնիկայի բոլոր կանոնների լրիվ պահպանման պայմաններում ապահովվում է սարքավորումների առավել բարձր տեսակարար կշիռը: Արտադրական Հ. ֆ. ունեն ոչ միայն բնաիրային ձև, այլև արժեքային (դրամական) արտահայտություն: Դրանք գնահատվում են սկզբնական, վերականգնման և սկզբնական կամ վերականգնման արժեքով` հաշվի առնելով մաշվածքը: Արտադրական Հ. ֆ–ի գնահատումն ըստ սկզբնական արժեքի ցույց է տալիս դրանց ձեռք բերման (ներառյալ փոխադրումն ու տեղակայումը) կամ արտադրության փաստացի արժեքի մեծությունը: Այս մեթոդով գնահատելիս, արտադրական Հ. ֆ. արտահայտվում են խառը գներով (սարքավորումների գների ու շինարարության արժեքի փոփոխման պատճառով), որի հետևանքով տվյալները դառնում են անհամեմատելի: Վերականգնման արժեքով գնահատմամբ որոշվում է արտադրական Հ. ֆ–ի վերարտադրության արժեքը արտադրության նոր պայմաններում (տվյալ տարվա): Վերականգնման արժեքը դրանց սկզբնական արժեքն է` տվյալ ժամանակաընթացքում կատարված փոփոխությունների (էժանացում կամ թանկացում) հաշվառումով: Այսպիսով միատեսակություն է մտցվում տարբեր տարիներում ստեղծված արտադրական Հ. ֆ–ի տարրերի գնահատման մեջ, առավել ճիշտ են արտացոլվում ձեռնարկությունների արտադրատեխնիկական հնարավորությունները: Վերականգնման արժեքով Հ. ֆ–ի վերագնահատումը կապված է միջոցների, ջանքերի ու ժամանակի մեծ ծախսումների հետ և իրականացվում է միայն պարբերաբար: Սկզբնական և վերականգնման արժեքներով գնահատումները չեն արտահայտում Հ. ֆ–ի մաշվածության (տես Արտադրամիջոցների ֆիզիկական և բարոյական մաշում) աստիճանը, այդ պատճառով դրանք գնահատվում են նաև վերականգնման կամ սկզբնական արժեքով` հաշվի առնելով մաշվածքը: Այս գնահատմամբ արտահայտվում է դեռևս արդյունքին չփոխանցված Հ. ֆ–ի արժեքը: Մաշված արտադրական Հ. ֆ–ի փոխհատուցումն իրականացվում է ամորտիզացիոն ֆոնդի (տես Ամորտիզացիա հիմնական արտադրական ֆոնդերի), իսկ դրանց աճը` ազգային եկամտի կուտակման ֆոնդի հաշվին (մասնակիորեն նաև ամորտիզացիոն գումարների հաշվին): Արտադրական Հ. ֆ–ի հանգույցների, մասերի և դետալների մաշվածքը բնաիրային ձևով փոխհատուցելու և դրանց աշխատունակ վիճակը ծառայության ամբողջ ընթացքում ապահովելու համար կատարվում է Հ. ֆ–ի նորոգում: Տնտեսագիտորեն տարբերում են նորոգման երեք տեսակ` վերականգնողական (բնական աղետների, ռազմ. ավերումների, Հ. ֆ–ի երկարատև անգործության հետևանքների վերացում), ընթացիկ նորոգում և կապիտալ նորոգում: Արդյունաբերության որոշ ճյուղերի ձեռնարկություններում առանձնացվում է նաև միջին նորոգումը (սարքերի մասնակի քանդում–հավաքում, հանգույցների տեխ. վիճակի ստուգում, անսարքության վերացում): Արտադրական Հ. ֆ–ի ռացիոնալ օգտագործումը մեծ արդյունք է տալիս: Ֆոնդահատույցի բարձրացումը միայն 1–ով ապահովում է ՍՍՀՄ հասարակական արդյունքի աճ` 10 մլրդ ռ–ով: Արտադրական Հ. ֆ–ի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիներն են` ստեղծվող կարողությունների գործարկման արագացում, մեքենաների առկա պարկի ընդհանուր ծավալում գործող սարքավորումների բաժնի մեծացում, նորոգման ժամկետների կրճատման և միջնորոգման ժամանակաշրջանի երկարացման միջոցով սարքավորումների աշխատաժամանակի ավելացում, հերթափոխի ընթացքում յուրաքանչյուր մեքենայի առավելագույն և արտադրողական օգտագործում` սարքավորման հավասարաչափ բեռնվածության (ռիթմիկ աշխատանքի) բազայի վրա, արտադրության առաջավոր տեխնոլոգիայի կիրառում ևն: Ոչ արտադրական` Հ. ֆ. անմիջականորեն չեն մասնակցում արտադրության պրոցեսին, մի շարք տարիների ընթացքում ապահովում են ոչ արտադրական սպառումը և վերարտադրվում միայն ազգային եկամտի հաշվին: Դրանց վերաբերում են բնակելի տները, լուսավորության, գիտության, կուլտուրայի, արվեստի, առողջապահության, կոմունալ տնտեսության, կառավարման և այլ հիմնարկների ու կազմակերպությունների շենքերն ու սարքավորումը: 1979–ի սկզբին ՍՍՀՄ Հ. ֆ. (արտադրական և ոչ արտադրական) կազմել են 1540 մլրդ ռ. կամ երկրի ազգային հարստության 64,3–ը:
| Ամբողջ արդյունաբերություն | Էլեկտրաէներգետիկա | Վառելանյութերի արդյունաբերություն | Սև մետալուրգիա | Քիմ․ և նավթաքիմիական արդյունաբերություն | Մեքենաշինություն և մետաղամշակում | Թեթև արդյունաբերություն | Սննդի արդյունաբերություն | |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Շենքեր | 100 | 29,3 | 19,1 | 11,3 | 33,2 | 40,4 | 45,4 | 36,3 |
| Կառույցներ | 100 | 13,6 | 17,2 | 14,9 | 7,2 | 5,3 | 11,5 | |
| Փոխանցող հարմարանքներ | 100 | 8,5 | 53,6 | 12,9 | 12,1 | 3,9 | 3,1 | 3,3 |
| Ուժային մեքենաներ և սարքավորումներ | 100 | 19,9 | 18,4 | 7,0 | 2,8 | 2,5 | 2,1 | 3,1 |
| Բանող մեքենաներ և սարքավորումներ | 100 | 3,7 | 31,6 | 37,6 | 39,8 | 40,1 | ||
| Չափող և կարգավորող սարքեր ու լաբորատոր սարքավորումներ | 100 | 2,1 | 2,4 | 0,4 | 0,7 | |||
| Տրանսպորտի միջոցներ | 100 | 1,8 | 2,0 | 1,4 | 3,9 | |||
| Այլ հիմնական ֆոնդեր | 100 | 1,5 | 4,0 | 2,5 | 1,1 |
| 1965 | 1970 | 1975 | 1978 | |
|---|---|---|---|---|
| Բոլոր Հ. ֆ. (ներառյալ անասնահոտը) | 601 | 860 | 1256 | 1540 |
| Արտադրական հիմնական ֆոնդեր | 360 | 531 | 805 | 1006 |
| այդ թվում՝ | ||||
| արդյունաբերության | 168 | 255 | 385 | 479 |
| գյուղատնտեսության | 77 | 106 | 167 | 211 |
| տրանսպորտի և կապի | 83 | 117 | 171 | 209 |
| շինարարության | 12 | 22 | 35 | 48 |
| առևտրի, հասարակական սննդի, մթերումների, նյութա-
տեխնիկական մատակարարման և նյութական արտա- դրության այլ ճյուղերի || 20 || 31 || 47 || 59 | ||||
| Ոչ արտադրական Հ. ֆ. | 241 | 329 | 451 | 534 |
| այդ թվում՝ | ||||
| բնակարանային տնտեսության | 159 | 204 | 267 | 309 |
| կոմունալ տնտեսության և կենցաղային սպասարկման | 25 | 39 | 56 | 69 |
| առողջապահության և լուսավորության | 31 | 48 | 75 | 93 |
| գիտության, կուլտուրայի, արվեստի և ոչ արտադրական այլ
ճյուղերի || 26 || 38 || 53 || 63 |
Գրկ. Առաքելյան Ա. Ա., Ձեռնարկությունների արտադրական ֆոնդերը և նրանց ավելի լավ օգտագործման ուղիները, Ե., 1961: Սոցիալիստական վերարտադրության լենինյան ուսմունքը, Ե., 1970: Аракелян А.А. и др., Воспроизводство основных фондов СССР, М., 1970 Захаров В. Г., Научно–техническая революция и обновление основных фондов, Л., 1973 Иванов Е.А., Основные фонды: воспроизводство и повышение фондоотдачи, М., 1978.
Ա. Առաքելյան
