ՀՍՀ/ՀԻՄՆԱ–ԹԹՎԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱ–ԹԹՎԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ, թթվա–հիմնային վիճակ, ֆիզիկա–քիմիական և ֆիզիոլոգիական պրոցեսների ամբողջություն, ապահովում է օրգանիզմի ներքին միջավայրի ջրածնային ցուցիչի (pH–ի) համեմատական կայունությունը: Վերջինս ունի կարևոր նշանակություն կենսական պրոցեսների բնականոն ընթացքի համար: Մարդու արյան pH–ը 7,35–7,47 է, որի նույնիսկ ամենափոքր տեղաշարժն անդրադառնում է նյութափոխանակության պրոցեսների, ֆերմենտների ակտիվության վրա և հանգեցնում օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի խանգարումների: Օրգանիզմի pH–ի հաստատունությունն ապահովում են արյան բուֆերային համակարգերը, որոնք կազմված են թույլ թթուներից և ուժեղ հիմքերի հետ դրանց առաջացրած աղերից: Բուֆերներ են` բիկարբոնատային, ֆոսֆատային համակարգերը, հեմոգլոբինը և նրա կալիումական աղը, պլազմայի սպիտակուցները ևն: Եթե արյան մեջ ուժեղ թթու է անցնում, ապա այն չեզոքացվում է բիկարբոնատով, իսկ ազատվող ածխաթթու գազը հեռացվում է թոքերի ուժեղ օդափոխության շնորհիվ: Վերականգնվում է ածխւսթթու–բիկարբոնատ հարաբերությունը: Ուժեղ հիմքը արյուն անցնելիս կատարվում է ածխաթթվի չեզոքացում: Թուլանում է շնչառական կենտրոնի գործունեությունը, նվազում ածխաթթվի հեռացումը թոքերից, իսկ բիկարբոնատի ավելցուկը հեռացվում է երիկամների միջոցով: Որոշ պայմաններում նկատվում է օրգանիզմի արյան pH–ի տեղաշարժ դեպի թթվային կողմը` ացիդոզ (օրինակ` մկանային լարված աշխատանքի ժամանակ), կամ տեղաշարժ հիմնային կողմը` ալկալոգ (օրինակ` թոքերի ուժեղ օդափոխության ժամանակ): Օրգանիզմի հյուսվածքային հեղուկների մեծամասնության pH–ը պահպանվում է 7,1–7,4–ի սահմանում:
