ՀՍՀ/ՀԻՆԴԵՄԻԹ
ՀԻՆԴԵՄԻԹ (Hindemith) Պաուլ (1895–1963), գերմանական կոմպոզիտոր, երաժշտության տեսաբան, դիրիժոր: Սովորել է Մայնի Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում (կոմպոզիցիա և ջութակ): 1915–23–ին նույն քաղաքի օպերային խմբի կոնցերտմայստեր, 1921–29–ին Լ. Ամար–Պ. Հինդեմիթ լարային կվարտետի ալտահար (1927–29–ին ելույթներ է ունեցել ՍՍՀՄ–ում): 1927–37–ին Բեռլինի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր: Հ–ի հարուստ ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է գրեթե բոլոր ժանրերը: Վաղ շրջանի օպերաներում («Մարդասպան, կանանց ապավեն», 1919, «Կարդիլյակ», 1926, նոր խմբ.` 1952, «Օրվա նորություններ», 1929, նոր խմբ.` 1953 ևն) ի հայտ են եկել ուրբանիզմի և էքսպրեսիոնիզմի միտումներ: Վոկալ և գործիքային երկերում («Վարք Մարիամի» երգաշար, «1922» դաշնամուրային սյուիտ, «Կամերմուզիկ» շարք տարբեր մենակատարների և կամերային նվագախմբի համար, լարային կվարտետներ ևն) կիրառել է նյութի կազմակերպման կոնստրուկտիվ միջոցներ, գծատարած (լինեար) պոլիֆոնիայի հնարներ: Նրա հասուն շրջանի երկերում հաստատվել է հավասարակշիռ–ռացիոնալ պոլիֆոնիկ ոճ, իրականության արտացոլման օբյեկտիվ–տրամաբանական եղանակը ստացել է նոր երանգներ (քնարականություն, հուզական լիցք ևն): Հ. ձգտել է վերածնել Բախի, Բեթհովենի, Բրոլքների ավանդույթները: Իր արվեստում հաստատել է գեղագիտական բարձր սկզբունքներ, իրեն մշտապես հուզող «արվեստագետ–հասարակություն» թեման մարմնավորել «Նկարիչ Մատիսը» (1934, բեմ.` 1938) և «Աշխարհի հարմոնիան» (1957) օպերաներում, որոնց երաժշտական նյութը օգտագործել է համանուն սիմֆոնիաներում: Հ. երաժշտական կյանքի եռանդուն կազմակերպիչներից էր, 1920–ական թթ. Գերմանիայում «Gebrauchsmusik» («կենցաղի երաժշտություն») շարժման ոգեշնչողներից (նպատակն էր նոր երաժշտության տարածումը երաժշտասերների լայն խավերում): Քաղ. հետապնդումների պատճառով տարագրվել է ֆաշիստական Գերմանիայից, ապրել ԱՄՆ–ում (1939–ից) և Շվեյցարիայում (1953–ից), դասավանդել կոլեջներում և համալսարաններում, գործել որպես դիրիժոր, հանդես եկել Եվրոպայի և ԱՄՆ–ի խոշոր փառատոներում: Հ. մշակել է տոնայնությունների ազգակցության ուրույն տեսություն, մասամբ տալով դրա գործնական կիրառումը «Ludus tonalis» («Տոնայնական խաղ») դաշնամուրային պոլիֆոնիկ շարքում: Համընդհանուր ճանաչում են գտել նաև «Չորս տեմպերամենտ» բալետը լարայինների և մենանվագ դաշնամուրի համար (1940), Մեսսան (1963), Ռեքվիեմը Ու. Ուիթմենի տեքստով (1946), «Կ. Մ. Վեբերի թեմաների սիմֆոնիկ մետամորֆոզը» (1943), կոնցերտները, սոնատները ևն: Գրել է աշխատություններ` «Կոմպոզիտորի աշխարհը» (1952), «Կոմպոզիցիայի ձեռնարկ» (հհ. 1–3, 1937–1970) ևն առանձին մասեր հատվածաբար հրատարակվել են «Սովետսկայա մուզիկա» («Советская музыка») ամսագրում (1962, No З, 1963, NoNo 4, 5, 1973, No 11) Շվեյցարիայի Բլոնե քաղաքում հիմնվել է Հ–ի ժառանգության հավաքման և ուսումնասիրման կենտրոն («Հ–ի ֆոնդ»):
Գրկ. Левая Т.Н., Леонтьева О. Т., Пауль Хиндемит, М,., 1974 Пауль Хиндемит, Статьи и материалы (ред. и сост. И. Прудникова). М., 1979 Briner А., Paul Hindemith, Zurich–Mainz, 1971.
Ա. Բուդաղյան
