Jump to content

ՀՍՀ/ՀԻՆԴՈՒԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՆԴՈՒԻԶՄ, հնդուիզմ, հնդուականություն, աշխարհում տարածված կրոններից մեկը: Հ–ի հետևորդների մոտ 95–ը ապրում է Հնդկաստանում, մնացած մասը` Պակիստանում, Բանգլադեշում, Նեապոլում, Շրի Լանկայում (մինչև 1972–ը` ցեյլոն) և այլ երկրներում: Հ. Հնդկաստանի սոցիալ–տնտ. յուրահատկությունների ծնունդն է: Հ–ի սաղմերն առկա են հին արիացիների և բնիկ հնդ. ցեղերի դիցաբանական պատկերացումներում, մասնավորապես, վեդայական կրոնում: Մ. թ. I հազարամյակի 1–ին կեսին բրահմայականությունը Հնդկաստանում վերածնվել է Հ–ի ձևով: Հ. բազմաստվածային կրոն է, պաշտվում է աստվածային երրորդությունը` Բրահման, հատկապես` Վիշնուն և Շիվան: Հ–ի դավանաբանության համար բնորոշ է հոգու վերամարմնավորման (սանսարի) ուսմունքը, ըստ որի, մարդու մահից հետո նրա հոգին մարմնավորվում է բույսի, կենդանու կամ մարդու ձևով: Վերամարմնավորումը կատարվում է կարմայի (հատուցման, փոխհատուցման) օրենքով և համապատասխանում է այն բանին, թե մարդը որքանով է կատարել իր դհարման (պարտքը), այսինքն` կրոնական, կաստայական պարտականությունները: Կրոնական բարձրագույն նպատակը համարվում է վերածնության շղթայից ազատվելը (մոկշ): Հ–ում սրբացված են բազմաթիվ լեռներ, գետեր (հատկապես` Գանգեսը), բուսականություն (օրինակ, լոտոսը), կենդանիներ (կապիկը, փիղը, օձը, հատկապես` կովը): Հ–ում գոյություն ունի երկու հիմնական ուղղություն` վիշնուիզմ (Վիշնու աստծու երկրպագուները) և շիվաիզմ (Շիվա աստծու երկրպագուները): Հ. հավերժացնում և աստվածացնում է հասարակության ֆեոդալական կաստայական (տես Կաստաներ) կառուցվածքը և այն պարտադրում է մարդկանց: Հնդուականների սոցիալական կազմակերպման ձևը կաստան է: Հ–ի պաշտամունքի կենտրոնները տաճարներն ու սրբավայրերն են (օրինակ, Գանգեսը), գլխավորապես` տեղական զոհարանները: Այդ պատճառով որպես հավատացյալների ղեկավարներ ու դաստիարակներ հանդես են գալիս տաճարային քրմությանը, գյուղական բրահմանները, «իմաստունները», թափառական վանականները: Հ–ի սուրբ գրքերն են Վեդաները, «Մահաբհարաթա» և «Ռամայանա» էպոսները, Դհարմաշաստրաները ևն: Հ–ի քննարկած պրոբլեմները դուրս են գալիս կրոնի շրջանակներից, այն ներառում է նաև սովորույթներ, վարքի նորմաներ, փիլ. ըմբռնումներ, ապրելակերպի եղանակներ, հասարակական ինստ–ներ ևն: Հ–ի կրոնական համակարգում զուգորդված են տարբեր, կրոններ և հավատալիքներ` սկսած անիմիզմի առավել պարզունակ յուրատեսակներից մինչև կրոնափիլիսոփայական մոնիստական համակարգերը: XIX դ. 2–րդ կեսին Հ–ում առաջացել են ռեֆորմիստական, նեոհնդուական ընկերություններ ու կազմակերպություններ (Բրահմա սամաչ, Արիա սամաչ ևն): Նեոհնդուական կրոնա–փիլիսոփայական ուսմունքների համաձայն, բոլոր կրոններն իրենց ներքին էությամբ միասնական են և տարբերվում են լոկ արտաքին, պաշտամունքային կառուցվածքով: Հետևաբար, վեր հանելով այդ արտաքինը, ոչ էականը, տարբերիչը, ընդհանրական հիմքով կարելի է ստեղծել «նոր», «միասնական», «ունիվերսալ» կրոն, որը «մաքրված» և «ազատված» կլինի որոշակի կրոններին բնորոշ ֆանատիզմից ու խավարամտությունից: Հ. եղել է Հնդկաստանի հասարակական կյանքի զարգացման լուրջ խոչընդոտներից: Սակայն Հնդկաստանի անկախության նվաճումից (1947) հետո, Հ–ի սոցիալական հիմքերը աստիճանաբար նեղանում են:

Գրկ. Ильин Г. Ф., Религии Древней Индии, М., 1959 Пятигорский A. M., Религии Индии, в кн.: История Индии в средние века, М., 1968, гл. 5.