ՀՍՀ/ՀԻՆԴՈՒԿՈՒՇ
ՀԻՆԴՈՒԿՈՒՇ (պարսկ. հինդու կուխ` հնդկական լեռ), լեռնային համակարգ Աֆղանստանում, Պակիստանում և Հնդկաստանում: Երկարությունը մոտ 800 կմ է, լայնությունը` 50–300 կմ, առավել բարձրությունը` 7690 մ (Տիրիչմիր լեռ): Հիմնական լեռնաշղթաներն են Բաբան, Պաղմանը և բուն Հ.: Բաժանվում է Արևմտյան (3500–4000 մ` գերակշռող բարձրություններով), Կենտրոնական (մինչև 6059 մ) և Արևելյան (6000 մ–ից բարձր) մասերի: Ծածկված է սառցադաշտերով (6200 կմ²): Ամենացածր լեռնանցքը Բարոգիլն է (3777 մ): Հ. Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորման) մարզի հորստաանտիկլինորային մասնատված բարդ համակարգ է` ձևավորված նեոգենանթրոպոգենի ժամանակաշրջանում: Բնութագրվում է ուժեղ սեյսմիկությամբ: Ունի քարածխի, երկաթի, բազմամետաղների, ոսկու, ծծմբի, գրաֆիտի ևնի հանքեր: Կլիման լեռնային է, չոր, մերձարևադարձային` լավ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ: Տեղումների տարեկան քանակը 300–1000 մմ է, արլ. ներքին գոգհովիտներում` մինչև 50 մմ: Լանդշաֆտները տարածված են ուղղաձիգ գոտիականությամբ` կիսաանապատներից մինչև բարձր լեռնային նիվալ կամ ցուրտ անապատային գոտին:
