ՀՍՀ/ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ, Հին ուխտ, Աստվածաշնչի սկզբնամասը` հուդայական սրբազան գրքերի ժողովածու: Եկեղեցին այդ գրքերն անվանել է Հ. կ.` ի զանազանություն զուտ քրիստոնեական սրբազան գրքերի` Նոր կտակարանի: Հ. կ–ի հնագույն մասը` Դեբորայի երգը (Դատավորաց գիրք, գլ. Ե), ստեղծվել է մ. թ. ա. XII դ.: Դարերի ընթացքում լրացվել և ենթարկվել է փոփոխությունների: Հ. կ–ի առաջին խմբագրությունը բաղկացած է երեք բաժնից և 39 ստեղծագործությունից: Առաջին բաժինը կոչվում է Հնգամատյան կամ Օրենք, որը պարունակում է Մովսեսի 5 գիրքը (Ծննդոց, Ելից, Ղևտացվոց, Թվոց, Երկրորդ օրինաց), երկրորդ բաժինը` Մարգարեք (Հեսու, Դատվորաց, Սամուելի Ա, Բ, Թագավորաց Ա, Բ, Եսայի, Երեմիա, Եզեկիել, 12 «փոքր» մարգարեներ), երրորդ բաժինը` Սուրբ Մատյանք (Սաղմոսք, Առակք, Հոբ, Երգ երգոց, Հռութ, Ողբք Երեմյա, Ժողովող, Եսթեր, Դանիել, Եգրաս, Նեեմիա, Մնացորդաց Ա, Բ): Աստվածաշնչի Յոթանասնից թարգմանությունը Հ. կ–ի մեջ է մտցրել նաև Տովբիտը, Հուդիթը, Սողոմոնի և Սիրաքի որդի Հիսուսի իմաստությունները, Վարուքան, Եզրասի Բ, Գ, Մակաբաեցվոց երեք գրքերը: Հ. կ–ի գրքերը բազմաբնույթ ու բազմաբովանդակ են (հնավանդ ժամանակագրություններ, պատմ. զրույցներ, ասքեր, առասպելներ, զանազան ձոներ, աղոթաերգեր, ծիսական մաքրագործումների ու զոհաբերումների մասին կանոններ, կրոնափիլիսոփայական քննախոսություններ, սիրավեպեր): Հուդայական ուսմունքում Հ. կ–ի վերջնական օրենսկարգումը VII– IX դդ. կատարել են մասորաները (հրեա հեղինակներ):
