Jump to content

ՀՍՀ/ՀԻՆ ՍԼԱՎՈՆԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՆ ՍԼԱՎՈՆԵՐԵՆ, սլավոնական ամենահին գրական լեզուն: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի սլավոնական ճյուղի հվ. խմբին (մեռած): Նախապես Հ. ս. եղել է մակեդոնական մի խոսվածք (բարբառ), որի համար գիր է ստեղծվել IX դ.: Իբրև գրավոր լեզու մշակվել ու հարստացել է շնորհիվ թարգմանական գրականության: Միջէթնիկական լեզվի դեր է կատարել նախ արմ., ապա հվ. և արլ. սլավոնների համար: Սկսած XI դարից Հ. ս. հիմք է դարձել եկեղեցասլավոնական լեզվատարբերակների գոյացման համար: Կառուցվածքով թեքական է: Հնչյունական համակարգի բնորոշ գծերից են` թուլացած ձայնավորների գործածությունը, անլիաձայնությունը (օրինակ` брада, глава, հմմտ. ռուս. борода, голова), երկար ու կարճ, նաև ռնգային ձայնավորների, փափուկ ու կոշտ բաղաձայնների առկայությունը ևն: Գերակշռել են բաց վանկերը: Ունեցել է սեռի (արական, իգական, չեզոք), թվի (եզակի, երկակի, հոգնակի), հոլովի կարգեր, անվանական և դերանվանական հոլովումներ, դիմավոր (եղանակա–ժամանակային) և անդեմ ձեեր: Գրավոր աղբյուրներն ավանդվել են կիրիլիցա և գլագոլիցա գրատեսակներով: