Jump to content

ՀՍՀ/ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ինֆորմացիա մտապահելու, այդ կերպ կենսափորձ կուտակելու և անհրաժեշտության դեպքում այդ ինֆորմացիան վերարտադրելու ընդունակություն: Հ. իմացական պրոցեսներից է և հատուկ է մարդուն ու զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիներին: Տարբերում են Հ–յան երկու մակարդակներ, կարճատև և երկարաժամկետ: Կարճատև հիշողության մակարդակում ինֆորմացիան պահպանվում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի տասնյակ րոպե, որից անցնում է երկարաժամկետ Հ–յան մակարդակը կամ լրիվ ջնջվում է: Երկարաժամկետ Հ. բնորոշվում է տվյալ օրգանիզմի կյանքի տևողության հետ համեմատելի ինֆորմացիայի պահպանման ժամանակով և կարճատև Հ. խախտող գործոնների նկատմամբ ունեցած կայունությամբ: Ինֆորմացիայի ընկալումից հետո սկսվում է նրա ամրապնդման (կոնսոլիդացիայի) փուլը: Հ–յան խախտումներն առաջանում են գլխուղեղի կենտրոնների ախտահարման հետևանքով, ընդ որում հիմնականում վերաբերում են մոտ անցյալի դեպքերին, հետադարձ ամնեզիայի է ենթարկվում դեռևս կոնսոլիդացիայի չենթարկված ինֆորմացիան, մինչդեռ երկարաժամկետ Հ–յան բովանդակությունները խիստ ամուր են պահվում: Կարճատև Հ–յան մեխանիզմները գործում են այնքան ժամանակ, քանի դեռ ինֆորմացիան չի ամրապնդվել: Որոշ փորձարարական փաստեր վկայում են, որ ինֆորմացիան հաճախ ամրապնդվում է ընկալումից անմիջապես հետո, թեև ընդհանուր առմամբ կոնսոլիդացիան տևում է 30–60 րոպե: Գլխուղեղի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ մտապահվող ինֆորմացիան գրանցվում է ոչ թե առանձին գրգռված նեյրոններում, այլ միաժամանակ գրգռված նեյրոնների և գլխուղեղի զոնաների կոմբինացիաներում: Ընկալված ինֆորմացիան «կրկնօրինակվում» և պահվում է գլխուղեղի կեղեի երկու կիսագնդերում` առաջացնելով նույնատիպ հետքեր: Նույն ինֆորմացիան տարբեր անալիզատորների օգնությամբ ընկալելիս` համապատասխան պատկերները պահպանվում են ուղեղի տեսողական, լսողական և այլ կենտրոններում: Այդ բաժինների միջև առաջացող կապերը, ինֆորմացիան վերարտադրելիս, ապահովում են նրա զգայական առանձին տարրերի միաժամանակյա ակտիվացումը: Օնտոգենեզում նոր նեյրոններ չեն առաջանում, այդ պատճաոով էլ նոր ինֆորմացիան և հմտությունները մտապահվում են միայն առկա նեյրոնների նոր կոմբինացիաների ստեղծման ճանապարհով: Դրանց ստեղծումն ու կայունացումը առաջին հերթին պայմանավորված է միջնեյրոնային հպման տեղամասերում` սինապսներում, կատարվող փոփոխություններով: Յուրաքանչյուր նեյրոն կարող է ապահովել ինֆորմացիայի մեծ թվով միավորների պահպանում: Դենդրիտների քանակը օնտոգենեզի առաջին տարիներին փորձի կուտակմանը զուգընթաց խիստ ավելանում է: Հ–յան հետքերի առաջացման համար կարևոր են. նոր սինապսների առաջացումը, մինչ ինֆորմացիայի ընկալումը դեռևս գործի չդրված սինապսների օգտագործումը և նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոփոխությունները: Սինապսներում նյարդային իմպուլսներն առաջ են բերում հատուկ քիմ. միջնորդ նյութի` մեդիատորի արտազատում, որը հեշտացնում կամ արգելակում է շղթայի հաջորդ նեյրոնում իմպուլսի առաջացումը: Մարդու ուղեղում ՌՆԹ–ի քանակությունը սկսած ծննդյան օրից մինչև 40 տարեկանը անընդհատ աճում է, մինչև 60 տարեկանը մնում է նույն բարձր մակարդակի վրա, որից հետո աստիճանաբար նվազում է: Հ–յան ֆիզիոլոգիական մեխանիզմների ուսումնասիրությունը կատարում են փորձարարական և կլինիկական պսիխոֆիզիոլոգիայի, վարքի ֆիզիոլոգիայի, ձևաբանության և հյուսվածաբանական քիմիայի, էլեկտրաֆիզիոլոգիայի և վերլուծական կենսաքիմիայի մեթոդներով: Հ–յան հոգեբանական մեխանիզմների ու դրսևորումների ուսումնասիրությունը երկարատև պատմություն ունի: Առաջինը Հ–յան վերաբերյալ որոշակի տեսակետ առաջադրեց Արիստոտելը, ըստ որի այն հատուկ է և կենդանիներին, և մարդուն, իսկ վերհուշը` միայն մարդուն: Արիստոտելը փաստորեն առաջինը նկարագրեց զուգորդությունների տեսակները (ըստ նմանության, հակադրության և առընթերության): Նեոպլատոնիկ Պլոտինը առաջ քաշեց Հ–յան, որպես հոգու ակտիվ գործունեությւսն գաղափարը, իսկ Ավգուստինը ցույց տվեց հուշերի կապը ժամանակի ընկալման հետ: Լոկը Հ. անվանեց գաղափարների «պահեստ»` զարգացնելով նաև զուգորդությունների (ասոցիացիաների) գաղափարը: Զուգորդական հոգեբանության ներկայացուցիչ Հ. Էբինգհաուզը առաջինը 1885–ին փորձարարական հետազոտության ենթարկեց Հ.: Բիհևիորիզմը Հ. ըստ էության նույնացրեց ուսուցման և հմտությունների ձեռքբերման հետ: Ա. Բերգսոնը փորձեց հիմնավորել հատուկ «պատկերավոր հիշողության» կամ «ոգու հիշողության» գոյության գաղափարը: Գեշտալտ հոգեբանության ներկայացուցիչները զարգացրին հիշողության ամբողջականության և ստրուկտուրայնության գաղափարը, ֆրանս. սոցիոլոգիական դպրոցի ներկայացուցիչները ուշադրություն հրավիրեցին Հ–յան պատմական և սոցիալական պայմանավորվածության վրա: Սովետական հոգեբանները, հենվելով դիալեկտիկական մատերիալիզմի սկզբունքների վրա, հատուկ ուշադրություն դարձրին Հ–յան օնտոգենետիկական զարգացման օրինաչափություններին (Լ. Ս. Վիզոդսկի, Ա. Ն. Լեոնտև), մատնանշելով, որ մտապահման բարձրագույն ձևերն իրագործվում են արհեստական դրդիչ–միջոցների` նշանների օգնությամբ: Պ. Ի. Զինչենկոն և Ա. Ա. Սմիռնովը Հ–յան պրոցեսներն ու զարգացումը ուսումնասիրեցին մարդու առարկայական գործունեության հետազոտության լայն կոնտեքստում: Հ–յան հիմնական պրոցեսներն են մտապահումը, պահպանումը և վերարտադրությունը (որի տեսակներն են ճանաչումը, վերհուշը և մտաբերումը): Կամածին Հ. գիտակցորեն որոշակի մնեմրկական (հիշողությանը վերաբերող) խնդրի լուծումն է, իսկ ոչ կամածին մտապահումը և վերարտադրությունը, որպես ոչ ինքնուրույն պրոցեսներ, մտնում են գործունեության կազմի մեջ: Ըստ մտապահվող բովանդակությունների բնույթի տարբերում են շարժողական (շարժումների և հմտությունների), հուզական, պատկերավոր (մտապատկերների) և բառային–տրամաբանական Հ–ներ, որոնց միջև կան գենետիկական կապեր: Պատկերավոր Հ–յան տարատեսակները (տեսողական, լսողական ևն) տարբերակում են ըստ մտապատկերների տեսակների: Պատկերավոր Հ–յան արտակարգ պայծառ դրսևորումների դեպքում առկա է Էյդետիզմը: Հ–յան պրոցեսների վրա խոր ազդեցություն են գործում անձնական դրդապատճառները, անձի հետաքրքրություններն ու մյուս գծերը, որոնք, իրենց հերթին, կրում են Հ–յան անհատական որակների հետադարձ ազդեցությունը: Նկարագրված են Հ–յան բազմաթիվ որակական (աղավաղումներ և կեղծ հուշեր) և քանակական (հիշողության ուժեղացում կամ թուլացում) խախտումներ: Հիպոմնեզիան Հ–յան թուլացումն է, հիպերմնեզիան` արտակարգ ուժեղացումը (երազներում, զառանցելիս), ամնեզիան` նախկինում ընկալածի վերարտադրության անհնարինությունը: Հ–յան մակարդակները, տեսակներն ու պրոցեսները մարդու հոգեկան կյանքի հիմքն են: Միմյանց հետ կապելով անցյալը, ներկան ու ապագան` Հ. անընդհատություն է հաղորդում մարդու փորձին և ինքնագիտակցությանը, հիմք է հանդիսանում անձի անկրկնելիության և որոշակիության ձևավորման համար: «Հ.» հասկացությունը օգտագործվում է նաև հաշվիչ մեքենաների մեջ մտնող որոշ սարքերում ինֆորմացիայի կուտակման ֆունկցիան նշանակելիս:

Ա. Նալչաջյան