ՀՍՀ/ՀԻՊԵՐԳԵՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ
ՀԻՊԵՐԳԵՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ (հիաեր… և– ծագում), միներալային նյութի քիմիական և ֆիզիկական վերափոխման պրոցեսներ երկրակեղևի վերին հորիզոններում և մակերևույթում մթնոլորտի, ջրոլորտի ու կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ ցածր ջերմաստիճանների դեպքում: Հ. պ. ընդգրկում են` քիմ. քայքայումն ու տարրալուծումը, հիդրոլիզը, հիդրատացումը, օքսիդացումը, կարբոնատացումը ևն: Հ. պ–ի ազդեցությամբ տեղի են ունենում հանքավայրերի հողմահարման կեղևի և օքսիդացման զոնայի առաջացումը, ստորերկրյա, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսի ջրերի բաղադրության ձևավորումը, քեմոգեն և բիոգեն նստվածքագոյացումը, նստվածքների դիագենեզը և վաղ էպիգենեզը: Եթե ներքին պրոցեսների համար կարևոր ազդակներ են ծառայում ջերմաստիճանը և ճնշումը, ապա Հ. պ–ի առաջատար գործոններն են միջավայրի ալկալիականությունը կամ թթվայնությունը և օքսիդացման–վերականգնման պոտենցիալը: Մեծ դեր են խաղում նաև կենսաերկրաքիմիական պրոցեսները: Հ. պ–ի հետևանքով առաջանում են մի շարք արժեքավոր օգտակար հանածոների (նիկել, երկաթ, մագնեզիտ, բոքսիտ, կաոլին, ոսկու և պլատինի ցրոնային) հանքավայրեր:
