Jump to content

ՀՍՀ/ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՊՈԳԼԻԿԵՄԻԱ, թերշաքարարյունություն, արյան շաքարի քանակության նվազումը 80–70 մգ–ից ցածր: Առողջ մարդկանց օրգանիզմում Հ. առաջանում է մկանային ծանր աշխատանքի ժամանակ գլյուկոզի զգալի ծախսումից, երբեմն ածխաջրերի առատ ընդունումից` ռեֆլեկտոր ճանապարհով ենթաստամոքսային գեղձում ինսուլինի չափից ավելի արտադրման հետևանքով: Հ–ի պատճառ կարող են դառնալ նաև ենթաստամոքսային գեղձի կղզյակային ապարատի, գլխուղեղի հիպոթալամուսային շրջանի, ներքին սեկրեցիայի այլ գեղձերի, լյարդի (որպես գլիկոգենի հիմնական պահեստ) որոշ հիվանդությունները, ինչպես նաև ինսուլինի չափից ավելի օգտագործումը` հիպոգլիկեմիկ շոկ: Վերջինիս դեպքում կենտրոնական նյարդային համակարգի կարճատև գրգռման շրջանից հետո առաջանում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, քաղցի զգացում, հոգեկան խանգարումներ ևն: Շաքարի քանակության նվազումը (մինչև 40 մգ և ավելի ցածր) ուղեկցվում է դողով, գիտակցության կորստով, ջղաձգություններով և կարգավորվում է գլյուկոզի ընդունմամբ: