Jump to content

ՀՍՀ/ՀԻՊՈԹԵԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՊՈԹԵԶ (հուն. սկզբունք, ենթադրություն), վարկած, գիտության մեջ` երևույթների այնպիսի բացատրություն, որի դեպքում առաջադրվում և հիմնավորվում է ենթադրություն դրանց հիմքում ընկած գործոնների, դրանց առաջացման պատճաոի կամ եղանակի մասին: Մասնավոր դեպքում դա կարող է լինել որևէ անհայտ օբյեկտի գոյության ընդունում, ընդհանուր դեպքում` մոդելային պատկերացում որոշակի ներքին կառուցվածքի կամ թաքնված մեխանիզմի մասին. որոնք իրենց գործողությամբ առաջ են բերում փորձնական երևույթները, կամ էլ ենթադրություն այն օրինաչափության մասին, որով որոշակի գործոններից ստացվում են փորձնական երևույթները: Գիտությունը Հ–ի է դիմում, երբ եղած պատկերացումները բավարար չեն երևույթների բացատրության համար: Հ–ի միջոցով բացատրել երևույթը նշանակում է Հ–ի ենթադրությունից արտածել դիտումների և գիտափորձի տվյալների ընդհանրացմամբ ստացված էմպիրիկ օրինաչափությունները, մասնավորապես քանակական առնչությունները: Հ. միաժամանակ պետք է հնարավորություն ընձեռի ի մի բերելու ըստ կարելվույն բազմազան փորձնական նյութ` կապ հաստատելով արտաքուստ անշատ փորձնական տվյալների միջև և կանխատեսելու նոր երևույթներ ու առնչություններ: Գիտության պատմության մեջ եղած Հ–ների օրինակներ են անդրուրանյան մոլորակների գոյության ենթադրումը աստղագիտության մեջ, նախամեսրոպյան գրի գոյության վարկածը հայագիտության մեջ, ժառանգականության մեխանիզմների մոդելները կենսաբանության մեջ, Ջ. Թոմսոնի, է. Ռեզեր–ֆորդի, `և. Բորի ատոմի կառուցվածքի մոդելները, Բորի պոստուլատները ֆիզիկայում ևն: Հ–ի հաստատումը, ընդհանուր դեպքում, միանվագ քայլ չէ. Հ. վերածվում է հավաստի գիտելիքի, երբ, մտնելով գիտության համակարգի մեջ, երևույթները բացատրելու, ի մի բերելու և կանխատեսելու իր հնարավորություններով ապացուցում է իր համեմատական առավելությունները և ճշգրտվելով ու կատարելագործվելով, հաստատում է իրեն որպես փորձնական առնչությունների միակ հնարավոր բացատրություն: Հ–ի առաջադրումը կարևոր փուլ է նոր գիտական տեսության կառուցման ճանապարհին: Հ–ի շուրջը եղել են փիլ. և մեթոդաբանական վեճեր: Իմացաբանական լավատեսության դիրքերից, համոզված լինելով, թե հնարավոր է բնության երևույթները մեխանիկայի օրենքներին ենթարկել առանց օժանդակ տեսական մտակառուցումների, Նյուտոնը հռչակեց «Հ–ներ չեմ հորինում» լոզունգը: Այնինչ հետագայում պարզվեց, որ հնարավոր չէր ջերմային, մագնիսական, էլեկտրական, լուսային և այլ ֆիզիկական երևույթների մեխանիկական բացատրությունը գտնել առանց լրացուցիչ մոդելների կառուցման: Հ–ների անխուսափելիությունն առավել ևս դրսևորվեց ժամանակակից տեսական բնագիտության մեջ: XIX– XX դդ. սուբյեկտիվիստական էմպիրիզմը (մախիզմ, նեոպոզիտիվիզմ), թերագնահատելով տեսական մտածողությունն առհասարակ, այսինքն` իմացաբանական հոռետեսության դիրքերից, ժխտել է Հ–ի իմացական նշանակությունը: Մինչդեռ, ըստ Էնգելսի, գիտության կառուցվող շենքը շրջապատված է Հ–ների փայտամածներով, «բնագիտության զարգացման ձևը, որքանով որ այն մտածում է, հիպոթեզն է»:

Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969 (ըստ առարկայացանկի): Գևորգյան Հ., Հիպոթեզը և նրա դերը գիտության մեջ, Ե., 1959 Милль Дж. С, Система логики, М., 1914, с. 442–462 Пуанкаре А., Наука и гипотеза, СПБ, 1906 Баженов Л. Б., Основные вопросы теории гипотезы, М., 1961 Амбарцумян В. А., Философские вопросы науки о Вселенной, Е., 1973, с. 170–178.

Հ. Գևորգյան