Jump to content

ՀՍՀ/ՀԻՊՈՏՈՆԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՊՈՏՈՆԻԱ, հիպոտենզիա հիպո… և հուն, tovoc, (լատ. tensio)– լարում, հյուսվածքի, օրգանի կամ համակարգի տոնուսի նվազում: Առավել հաճախ «Հ.» տերմինն օգտագործվում է արյան ճնշման իջեցումը (տղամարդկանց մոտ` 105 65 մմ սնդ. ս–ից, կանանցը` 96 60 մմ սնդ. ս–ից ցածր) նշելու համար: Տարբերում են անոթային Հ–ի մի շարք ձևեր. ֆիզիոլոգիական կամ հարմարվողական (ադապտացիոն), հանդիպում է ֆիզիկապես մարզված մարդկանց, մարզիկների, հվ. շրջանների բնակիչների մոտ, չի ուղեկցվում հիվանդագին որևէ երևույթով, լրիվ կոմպենսացվում է և հատուկ բուժում չի պահանջում: Ախտանշանային Հ. լինում է մի շարք հիվանդությունների (տուբերկուլոզ, ուռուցքներ, վարակիչ, սրտի ևն) դեպքում: Առաջնային կամ` նյարդա–ցիրկուլյատոր Հ. զարգանում է որպես ինքնուրույն ախտաբանական պրոցես, անոթային տոնուսը կարգավորող նյարդա–հումորալ ապարատի վրա որոշ գործոնների (բացասական հուզումներ, նյարդային համակարգի գերբեռնվածություն, մտավոր գերլարվածություն) ազդեցության, վնասակար սովորությունների (ծխել, ալկոհոլային խմիչքների օգտագործում ևն) հետևանքով: Հ–ի այս ձևը կարող է առաջանալ հանկարծակի և դրսևորվել կոլապսով, ուշագնացությամբ և շոկով: Հ–ի քրոնիկական ընթացքի դեպքում առաջանում են գլխացավեր, գլխապտույտ, մարմնի դիրքի փոփոխության հանդեպ ադապտացիայի թուլացում, քնի խանգարում, սրտխփոց ևն: Պրոցեսը խորանալիս զարգանում է հիպոտոնիկ հիվանդություն:

Բուժումը. Հ. առաջացնող պատճառի վերացում, աշխատանքի, հանգստի և սննդի ճիշտ ռեժիմ, բուժական մարմնամարզություն, ֆիգիոթերապևտիկ պրոցեդուրներ, դեղորայքային և սանատորա–կուրորտային բուժում: