ՀՍՀ/ՀԻՊՈՖԻԶ
ՀԻՊՈՖԻԶ (հուն. ելուստ), ստորին մակուղեղ (hypophysis cerebri, glandula pituitaria), մարդու և ողնաշարավոր կենդանիների ներզատիչ գեղձ, որը կարևոր դեր է խաղում հորմոնային կարգավորման պրոցեսներում: Գտնվում է գանգի խոռոչում` թրքական թամբի փոսիկում և ոտիկով միացած է գլխուղեդի հետ: Հ–ի ձևը, չափերը և կշիռը առանձին տեսակների մոտ տարբեր են և կախված են տարիքից ու օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից: Մարդու Հ–ի կշիռը 0,5–0,6 գ է: Հ. բաղկացած է երեք բլթից. առաջային` գեղձային (ադենոհիպոֆիզ), միջին (միջանկյալ) և ետին` նյարդային (նեյրոհիպոֆիգ): Առավել բարդ և բազմազան է Հ–ի առաջային բլթի ֆիզիոլոգիական դերը, նրա բնականոն ֆունկցիայով են պայմանավորված օրգանիզմի աճումն ու բազմացումը, հիմնական, ածխաջրային, հանքային, ճարպային և սպիտակուցային փոխանակությունը: Առաջային բլթի մզվածքից անջատել են 7 հորմոն. աճման կամ սոմատոտրոպ, թիրեոտրոպ, ֆոլիկուլախթանիչ, լյուտեինացնող, լյուտեոտրոպ, պրոլակտին (կաթնածին) և ադրենոկորտիկոտրոպ (ԱԿՏՀ): Միջանկյալ բիլթն արտագրում է ինտերմեդին հորմոնը, որը մասնակցում է մաշկի և աչքի ցանցաթաղանթի գունավորման (պիգմենտացիայի) կարգավորմանը: Ետին բլթի հիմնական զանգվածը բաղկացած է նեյրոգլիայից, որի մեջ պարփակված են նյարդաթելերի խրձեր: Մասնակցում է արյան ճնշման, միզարտադրության (վազոպրեսին) և արգանդի մկանունքի գործունեության (օքսիտոցին) կարգավորմանը: Հ–ի արյունամատակարարումը հարուստ է և բազմաթիվ նյարդային հաղորդչական ուղիներով կապված է գլխուղեղի, մասնավորապես հիպոթալամուսի հետ: Նեյրոգլիայի և նյարդային թելերի միջև կուտակվում է արտազատուկ, որը մշակվում է հիպոթալամուսի կորիզների բջիջներում և անցնում արյան հոսքի մեջ: Հ–ի բնականոն գործունեության խանգարումները կարող են արտահայտվել նրա առանձին ֆունկցիաների ուժեղացմամբ (հիպերպիտուիտարիզմ) կամ թուլացմամբ (հիպոպիտուիտարիզմ), հազվադեպ` լրիվ անհետացմամբ: Հ–ի գերֆունկցիան արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում գիգանտիզմի, մեծահասակների մոտ` ակրոմեգալիայի գարգացմամբ: Ֆունկցիայի թուլացամ կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է գաճաճահասակություն, հոգեկան թերզարգացում, ինֆանտիլիզմ, ածխաջրային և ճարպային փոխանակության խոր փոփոխություններ, օքսիդացման պրոցեսների նվազում, մեծահասակների մոտ` ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում: Որոշ հիպոֆիզային հիվանդությունների (Իցենկո–Կուշինգի, անշաքար դիաբետ, վաղաժամ սեռական հասունացում) զարգացման մեխանիզմում կարևոր դեր ունեն հիպոթալամուսի գործունեության առաջնային խանգարումները:
