Jump to content

ՀՍՀ/ՀԻՍԱՐՅԱՆ ՈՉԽԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՍԱՐՅԱՆ ՈՉԽԱՐ, կոպտաբուրդ, դմակավոր, մսաճարպատու ցեղ: Բուծվել է Տաջիկստանում` ժող. սելեկցիայով: Խոյերի մնդավի բարձրությունը` 80–85, իսկ մաքիներինը 75–80 սմ է: Մարմնակագմվածքն ամուր է, իրանը` համեմատաբար երկար, կուրծքը` լայն և խոր, ոտքերը` ամուր ու բարձր, մեջքը` ուղիղ, մնդավը և գավակը` լայն: Գլուխը խոշոր է, սապատավոր: Մաքիներն անեղջյուր են, խոյերը հաճախ ունեն փոքր եղջյուրներ: Սրբոսկրների հատվածում տեղադրված է մեծ դմակ (18–20 կգ): Խոյերի միջին կենդանի զանգվածը 130–140 կգ է (առավելագույնը` 190), մաքիներինը` 80–90 (առավելագույնը` 150): Վաղահաս են, 6 ամսական խոյիկների կենդանի զանգվածը մոտ 60 կգ է: Սպանդային ելքը` 58– 60: Գույնը հիմնականում գորշ է: Խոյերի բրդատվությունը` 1,3–1,6, իսկ մաքիներինը 1,0– 1,4 կգ է: Պտղատվությունը` 115–120: Բուծվում է Տաջիկական և Ուզբեկական ՍՍՀ–ներում: Հարմարված է լեռնային արոտային պայմաններին: