Jump to content

ՀՍՀ/ՀԻՍՏԵՐԵԶԻՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՍՏԵՐԵԶԻՍ (հուն. ուշանալ, ետ մնալ), մարմնի վիճակը բնութագրող ֆիզիկական մեծության ոչ միարժեք կախումը արտաքին ներգործությունից, պայմանավորված է նախորդող նույնպիսի ներգործության առկայությամբ: Լինում են մագնիսական, դիէլեկտրական, առաձգական, ջերմամագնիսական, մագնիսամեխանիկական, մագնիսաստրիկցիոն Հ. ևն: Մագնիսական Հ. ֆեռոմագնիսական նյութի մագնիսացվածության փոփոխման ետ ընկնելն է արտաքին մագնիսական դաշտի լարվածությունից` պայմանավորված մագնիսացվածության նախնական արժեքով: Արտաքին դաշտի H լարվածության մեծացման հետ լրիվ ապամագնիսացված ֆեռոմագնիսի I մագնիսացումն աճում է ըստ I կորի: H=Hm արժեքին համապատասխանում է հագեցած մագնիսացվածության վիճակը: Այնուհետև I–ի կախումը H–ից նկարագրվում է II կորով (H–ը փոքրանում է Hm–ից մինչև–Hm): H=0 դեպքում I=IR արժեքը կոչվում է մնացորդային մագնիսացվածություն: Մագնիսական դաշտի լարվածության այն արժեքը (H = –Нс), որի դեպքում մագնիսացվածությունը դառնում է զրո, կոչվում է կոերցիտիվ ուժ: Մագնիսական հիստերեզիսի փակ օղակի մակերեսը համեմատական է ջերմության այն քանակությանը, որն անջատվում է ֆեռոմագնիսի միավոր ծավալում վերամագնիսացման ցիկլի ընթացքում: Դիէլեկտրական Հ. էլեկտրական դաշտի միևնույն լարվածության դեպքում սեգնետոէլեկտրիկի բևեռացման արժեքների տարբերությունն է` կախված սկզբնական բևեռացման արժեքից: Առաձգական Հ. մեխանիկական միևնույն լարման դեպքում մարմնի դեֆորմացիայի մեծությունների տարբերությունն է` կախված սկզբնական դեֆորմացիայի մեծությունից:

Ա. Թումանյան