Jump to content

ՀՍՀ/ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ, հակահամաճարակային միջոցառում, երբ վարակիչ հիվանդությունով տառապող հիվանդներին և հիվանդության մեջ կասկածվողներին առանձնացնում են շրջապատող մարդկանցից: Հ. մ. կարելի է կատարել ստացիոնար բուժհիմնարկներում (հոսպիտալներում) կամ տանը: ՍՍՀՄ–ում պարտադիր հոսպիտալացման ենթակա են ժանտախտով, խոլերայով, ծաղիկով, բծավոր, ետադարձ, որովայնային տիֆերով, պարատիֆերով, դիզենտերիայով, վիրուսային լյարդաբորբով, սալմոնելոզով, դիֆթերիայով հիվանդները: Մի շարք վարակիչ հիվանդությունների դեպքում (քութեշ, կապույտ հազ, ջրծաղիկ, խոզուկ, կարմրուկ) թույլատրվում է Հ. մ. կատարել տնային պայմաններում` կիրառելով հարկ եղած սանիտարա–հակահամաճարակային պահանջները: Հ. մ. շարունակվում է նրանց վարակելիության ողջ շրջանում, իսկ եթե ապաքինումից հետո նրանք մնում են բակտերիակիրներ, ապա ստացիոնարից դուրս գրվելուց հետո կիրառում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ (բակտերիակրության բուժում, ընթացիկ ախտահանում, ֆագիզացիա, անձնական և կենցաղային հիգիենային կանոնների խիստ պահպանում): Որոշ դեպքերում (հատկապես հատուկ վտանգավոր հիվանդությունների դեպքում) մեկուսացման են ենթարկվում նաև հիվանդի հետ շփվոզ անձինք` տվյալ հիվանդության գաղտնի շրջանի առավելագույն տևողությամբ: Առողջարաններում, հանգստյան տներում, մանկական առողջապահական հիմնարկներում, մանկապարտեզներում և մանկամսուրներում, ինչպես նաև հիվանդանոցների ոչ վարակիչ (թերապևտիկ, վիրաբուժական ևն) բաժանմունքներում վարակիչ հիվանդությունների համար առանձնացվում է հատուկ սենյակ` մեկուսարան: Վարակիչ հիվանդությունների մեկուսացման հսկողությունը իրագործում են սանիտարա–հակահամաճարակային կայանները (ՍՀԿ):