ՀՍՀ/ՀԿԿ XIX ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿԿ XIX ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական կուսակցության տասնիններորդ համագումար, տեղի է ունեցել 1958 թվականի հունվարի 25–27–ը, Երևանում: Մասնակցել է 491 պատգամավոր վճռական, 21–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են ՀԿԿ 71581 անդամի և 2820 անդամության թեկնածուի: Քննարկել է ՀԿԿ Կենտկոմի և ՀԿԿ վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Անցած համագումարից հետո ընկած երկու տարում որոշակի հաջողություններ էին ձեռք բերվել հանրապետության արդյունաբերության բնագավառում: Համախառն արտադրանքի պլանը 1957–ին կատարվել էր 102,2–ով: Շահագործման էին հանձնվել 30 նոր արդ. ձեռնարկություններ: Մեծ թափով զարգանում էր մեքենաշինությունը: 1957–ին,1955–ի համեմատ, մեքենաշինության արտադրանքն աճել էր ավելի քան 40–ով: Համագումարը նշեց նաև արդյունաբերության մեջ տեղ գտած թերությունները և կուսակցական կազմակերպություններին պարտավորեցրեց կատարելագործել կազմակերպական ու քաղ. աշխատանքը ձեռնարկություններում, ամրապնդել պետ. ու արտադրական կարգապահությունը: Համագումարն ամփոփեց հանրապետության գյուղատնտեսության բնագավառում կուսակցական կազմակերպությունների աշխատանքի արդյունքները և նշեց, որ պետք է բոլոր կոլտնտեսություններում, ՄՏԿ–ներում ու պետ. տնտեսություններում ապահովել բարձր ու կայուն բերքի ստացումը, զարկ տալ անասնաբուծության ու այգեգործության զարգացմանը: Համագումարի ընդունած բանաձևում հանրապետության բոլոր կուսակցական կազմակերպություններին կոչ էր արվում հետևողականորեն շարունակել պայքարը ՍՄԿԿ XX համագումարի պատմական որոշումների իրականացման, կուսակցական կյանքի լենինյան նորմաների վերականգնման ու անհատի պաշտամունքի վնասակար հետևանքների վերացման համար: Համագումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմիններ:
