ՀՍՀ/ՀԿԿ XVIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿԿ XVIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական կուսակցության տասնութերորդ համագումար, կայացել է 1956 թվականի հունվարի 19–21–ը, Երևանում: Մասնակցել են 474 պատգամավոր վճռական և 19–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 67028 կուսանդամի և 2245 անդամության թեկնածուի: Լսվել և քննարկվել են ՀԿԿ ԿԿ հաշվետվությունը, ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1956–60 թթ. վեցերորդ հնգամյա պլանի վերաբերյալ ՍՄԿԿ XX համագումարի դիրեկտիվների նախագիծը: Հաշվետու շրջանում արդյունաբերության զարգացման հինգերորդ հնգամյա պլանը կատարվել էր ժամկետից մեկ տարի շուտ, ավելացել էր էլեկտրաէներգիայի, պղնձի, գեներատորների, տրանսֆորմատորների, մետաղահատ հաստոցների, կոմպրեսորների, հիդրոպոմպերի, ինչպես նաև ժող. լայն սպառման ապրանքների արտադրությունը: Մեծ թափ էր ստացել Հայաստանի գիտահետազոտական ինստ–ների գործունեությունը, որոնց ձեռնարկած կոմպլեքսային միջոցառումների շնորհիվ ավելացել էր արդ. արտադրանքը: Համագումարն առաջարկեց ապահովել ժողտնտեսության 1956–1960 թթ. պլանների կատարումը` արտադրության տեխ. մակարդակի սիստեմատիկ բարձրացման, արտադրական պրոցեսների կոմպլեքսային մեքենայացման ու ավտոմատացման և այլ ուղիներով: ՀՍՍՀ ժողտնտեսության զարգացման վեցերորդ հնգամյա պլանով նախատեսվում էր ընդլայնել մի շարք գործարանների արտադրական կարողությունները, ինչպես նաև ձեռնարկություններ կառուցել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մյուս քաղաքներում ու շրջաններում: Համագումարում նշվեց, որ դրական տեղաշարժեր են կատարվել գյուղատնտեսության բնագավառում: 1953–54–ի համեմատությամբ 1955–ին կոլտնտեսություններում բարձրացել էր հացահատիկային կուլտուրաների, բամբակի, ծխախոտի, շաքարի ճակնդեղի և բանջարեղենի միջին բերքատվությունը: Հնգամյակի ընթացքում գրեթե կրկնապատկվել էր սովետական տնտեսությունների թիվը, իսկ կոլտնտեսություններինը 626–ից հասել էր 872–ի, մեքենայական պարկը հարստացել էր մոտ 700 տրակտորով: Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1950–ի 513,4 հզ–ից հնգամյակի վերջում հասել էր 537,0 հզ–ի, կոլտնտեսությունների դրամական եկամուտները` 421,7 մլն ռուբլուց` 629,6 մլն–ի: Համագումարը միաժամանակ նշեց, որ դեռևս ցածր է գյուղատնտ. կուլտուրաների բերքատվությունը և հանրային անասնաբուծության մթերատվությունը: Միջոցառումներ նշվեցին գյուղատնտ. մթերքների արտադրությունն ավելացնելու համար, որոնք իրենց ամբողջական արտահայտությունը գտան ՀՍՍՀ ժողտնտեսության զարգացման վեցերորդ հնգամյա պլանում: Համագումարը կուսկազմակերպություններին կոչ արեց մոբիլիզացնել կոմունիստների և բոլոր աշխատավորների ուժերը` ժողտնտեսության զարգացման վեցերորդ հնգամյա պլանի խնդիրները հաջողությամբ կատարելու համար: Համագումարը ընտրեց ՀԿԿ Կենտկոմ և վերստուգիչ հանձնաժողով:
