Jump to content

ՀՍՀ/ՀԿԿ XXI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԿԿ XXI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական կուսակցության քսանմեկերորդ համագումար, կայացել է 1960 թվականի փետրվարի 10–12–ը, Երևանում: Մասնակցել են 547 պատգամավոր վճռական, 32–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են 76835 կուսանդամի և 3515 անդամության թեկնածուի: Համագումարը քննարկել է ՀԿԿ Կենտկոմի հաշվետվությունը: Ամփոփելով հանրապետության արդյունաբերության զարգացման գործում կուսակցական կազմակերպությունների կատարած աշխատանքի արդյունքները` համագումարը գտավ, որ այդ ուղղությամբ ձեռք են բերվել զգալի հաջողություններ: Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը 1959–ին, 1957–ի համեմատ, աճել էր 25–ով: Կուսակցական կազմակերպությունները լրջորեն զբաղվել էին տեխ. առաջադիմության և ինժեներա–տեխնիկական կադրերի պատրաստման հարցերով: Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում բացվել էին նոր ֆակուլտետներ: Գյուղատնտեսության բնագավառում որոշակի առաջընթաց էր կատարվել խաղողագործության մեջ: Խաղողի բերքատվությունը, 1957–ի համեմատ, 1959–ին ավելացել էր 82,2–ով: Գյուղատնտեսության ավելի քան 160 առաջավորներ արժանացել էին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման: Յոթնամյակի առաջին տարիների պլանների կատարման շնորհիվ բարձրացել էր աշխատավորների կենսամակարդակը: Ազգային եկամուտը, 1958–ի համեմատ, 1959–ին ավելացել էր 8–ով: Բնակչության ընդհանուր եկամուտները, 1957–ի համեմատ, ավելացել էին 400 մլն ռ.: Մեծ թափ էր ստացել բնակարանային շինարարությունը: Պետ. բնակարանային շինարարության գծով 1958–59–ին շահագործման էին հանձնվել 400 հզ. մ² բնակ. մակերես: Այդ ցուցանիշը երկու անգամ գերազանցում էր 1956–57–ի բնակ. շինարարության ծավալը: Նշվեցին նաև հանրապետության ժող. կրթության, առողջապահության և գիտության բնագավառներում ձեռք բերված հաջողությունները: Համագումարը հանրապետության կուսակցական, սովետական, արհմիութենական ու կոմերիտական բոլոր կազմակերպությունների առաջ խնդիր դրեց կատարելագործել մասսաների մեջ տարվող կազմակերպական և գաղափարական աշխատանքը: Համագումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմիններ: