ՀՍՀ/ՀԿԿ XXVI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿԿ XXVI ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական կուսակցության քսանվեցերորդ համագումար, տեղի է ունեցել 1976 թվականի հունվարի 20–22–ը, Երևանում: Լսվել և քննարկվել են Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, ՍՍՀՄ ժողտնտեսության 1976–1980–ի զարգացման ուղղությունների մասին ՍՄԿԿ Կենտկոմի նախագիծը: Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության կուսակցական կազմակերպությունները քաղաքական–կազմակերպչական լայն աշխատանք են տարել հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, գլխավորել մասսաների աշխատանքային վերելքը, սոցիալիստական մրցության ծավալումը: Ձեռք են բերվել ակնառու նվաճումներ, մեծացել են քանակական ու որակական ցուցանիշները տնտեսության ու մշակույթի ասպարեզում: Արդյունաբերությունը ժամկետից շուտ էր կատարել արտադրանքի իրացման ծավալի ու կարևորագույն շատ արտադրատեսակների թողարկման իններորդ հնգամյակի պլանները: Առաջնակարգ նշանակություն էին ստացել էլեկտրոնային, ռադիոտեխնիկական և սարքաշինական արդյունաբերության ճյուղերը: Կապիտալ ներդրումների ծավալը արդյունաբերության մեջ կազմել էր 4,5 մլրդ ռ.: Գործարկվել էին 45 խոշոր ձեռնարկություններ, մոտ 50 նոր արտադրություններ և արտադրամասեր: Շահագործման էին հանձնվել 4,5 մլն մ² մակերեսով բնակտարածություն, դպրոցներ ու նախադպրոցական հիմնարկներ, հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ, գիտական ու կուլտուր–կենցաղային օբյեկտներ: Անդրադառնալով 1976–80 թթ. հնգամյա պլանի դիրեկտիվներին, համագումարը նշեց, որ նոր հնգամյա պլանով արդ. արտադրանքի ծավալը պետք է ավելանա 43–47–ով, շարունակվելու է արդյունաբերության ճյուղային կառուցվածքի կատարելագործումը, մեքենաշինության ոչ մետաղատար ճյուղերի, հաստոցագործիքաշինական և սարքաշինական արդյունաբերության զարգացումը: Նախատեսվում է ավելի շատ ձեռնարկություններ տեղաբաշխել միջին և ոչ մեծ քաղաքներում, ավարտել ատոմային էլեկտրակայանի, երկաթգծի Մասիս–Նուռնուս հատվածի կառուցումը: Նախորդ հնգամյակի տարիներին հանրապետության կուսակցական և սովետական մարմինները զգալի աշխատանք էին տարել կուսակցության ագրարային քաղաքականության կենսագործման ուղղությամբ: Գյուղատնտեսության մեջ պետ. կապիտալ ներդրումների ծավալը հասել էր 736 մլն ռ., ոռոգելի հողատարածություններն ավելացել էին 49 հզ. հա–ով, ջրարբիացվել էր 126 հզ. հա մարգագետին և արոտավայր: Որոշ զարգացում էր ստացել արդ. հիմունքներով անասնապահական մթերքների արտադրությունը: Կատարվել էին պետությանը հացահատիկի, շաքարի ճակնդեղի, բանջարեղենի, մսի, կաթի, բրդի և գյուղատնտ. այլ մթերքների վաճառքի պլանները: Համագումարը կուսակցական ղեկավար մարմինների առաջ խնդիր դրեց ապահովել գյուղատնտեսության զարգացման ավելի արագ տեմպեր, ընդլայնել խաղողի, պտղատու այգիների, բանջարեղենի, կարտոֆիլի, հացահատիկային և տեխ., հատկապես եթերայուղային կուլտուրաների ցանքատարածությունները, բարձրացնել դրանց բերքատվությունը: Մսի արտադրության հետագա աճի համար խնդիր դրվեց ամրապնդել անասնապահության արտադրա–տեխնիկական բազան, կատարելագործել անասունների ցեղաբուծական գործի դրվածքը, ավելացնել ոռոգելի կուլտուրական արոտավայրերի տարածությունները ևն: Նշվեց, որ գրեթե մեկ քառորդով ավելացել են բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտները: Բարելավվել են մոտ 700 հզ. քաղաքացիների բնակարանային պայմանները: Ընդլայնվել է բժշկ., սանատորա–կուրորտային օբյեկտների ցանցը, բարձրացել նրանց սպասարկման մակարդակը: Հետագա զարգացում են ստացել ժողկրթության սիստեմը, գիտությունը, արվեստն ու գրականությունը: Ակտիվացել է կուսակցական գաղափարական աշխատանքը, մասսաների կոմունիստական դաստիարակությունը: Համագումարը խնդիր դրեց ավելի բարձրացնել կուսակցական ղեկավարության մակարդակը տնտեսական ու կուլտուրական շինարարության մեջ, լայն թափ հաղորդել մասսայական սոցիալիստական մրցության ծավալմանը, գիտատեխնիկական նվաճումների արմատավորմանը արտադրության մեջ: Համագումարն ընտրեց ՀԿԿ ԿԿ–ի և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմեր: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Կ. Ս. Դեմիրճյանը:
Գրկ. Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի հաշվետվությունը ՀԿԿ XXVI համագումարին, Ե., 1976: Հայաստանի կոմկուսակցության Կենտկոմի ՀԿԿ XXVI համագումարին տրված հաշվետվության բանաձևը, Ե.. 1976:
