ՀՍՀ/ՀԿԿ XXV ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿԿ XXV ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական կուսակցության քսանհինգերորդ համագումար, տեղի է ունեցել 1971 թվականի փետրվարի 25–26–ը, Երևանում: Լսվել և քննարկվել են ՀԿԿ Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման 1971–75 թթ. հնգամյա պլանի վերաբերյալ ՍՄԿԿ XXIV համագումարի դիրեկտիվների նախագիծը: Կենտկոմի հաշվետվության մեջ նշվեց, որ անցած հնգամյակի տարիներին հանրապետության արդ. արտադրանքն ավելացել է մոտ 1,8 անգամ, հիմնական արտադրական ֆոնդերն աճել են ավելի քան 60–ով, կառուցվել և շարք են մտել 110 արտադրական ձեռնարկություններ և արտադրամասեր, էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 2,13 անգամ: Մեքենաշինության, քիմ. արդյունաբերության և գունավոր մետալուրգիայի զարգացմանը զուգընթաց հանրապետությունում ստեղծվել և զարգանում էին էլեկտրոնային և ռադիոտեխնիկական արդյունաբերության նոր ճյուղեր, աճել էր թեթև, սննդի (կաթնեղեն, մսեղեն), տեղական արդյունաբերության արտադրանքի ծավալը: Կենտկոմի հաշվետվության վերաբերյալ ընդունած բանաձևում համագումարը պարտավորեցրեց կուսակցական, սովետական և տնտ. կազմակերպություններին բարելավել արդ. ձեռնարկությունների, տրանսպորտի և կապի ղեկավարումը, ուժեղացնել տնտ. ազդակների դերը ձեռնարկություններում: Խնդիր դրվեց նոր հնգամյակում ապահովել արտադրության աճի արագ տեմպերը, հատուկ ուշադրություն դարձնել էներգետիկ բազայի, գունավոր մետալուրգիայի, շինանյութերի, թեթև, սննդի և տեղական արդյունաբերության հետագա զարգացմանը: Նշելով հանրապետության գյուղատնտեսության բնագավառում ձեռք բերված հաջողությունները (ոռոգելի հողերի ընդարձակումը 34 հզ. հա–ով, գյուղատնտ. արտադրանքի աճը 20–ով ևն)` համագումարը պահանջեց բարելավել կադրերի, հատկապես մասնագետների ընտրության, տեղաբաշխման և դաստիարակման գործը, 1971– 1975–ին ապահովել անասնապահական մթերքների, խաղողի, պտուղ–բանջարեղենի, ծխախոտի, եթերայուղային կուլտուրաների արտադրության հետագա ավելացումը, ոռոգելի դարձնել 50 հզ. հա, ջրարբիացնել 130 հզ. հա հողատարածություն: «Աշխատավորների նյութական բարեկեցության բարձրացումը,– նշում էր համագումարը,– մեր կուսակցության ամենաառաջնահերթ խնդիրն է»: Նախորդ հնգամյակի տարիներին հանրապետությունում ազգային եկամուտն ավելացել էր 1,5 անգամ, բարձրացել էր բանվորների և ծառայողների միջին աշխատավարձը: Զգալիորեն աճել էին սոցիալական ապահովության միջոցները, ընդլայնվել` բնակարանային և բուժսպասարկման պայմանները: Համագումարն ընտրեց ՀԿԿ ղեկավար մարմիններ:
Գրկ. Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի հաշվետու զեկուցումը ՀԿԿ XXV համագումարին, Ե., 1971: Հայկոմկուսի Կենտկոմի հաշվետվության առթիվ ՀԿԿ XXV համագումարի բանաձևը, Ե., 1971:
