Jump to content

ՀՍՀ/ՀԿԿ XX ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԿԿ XX ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական կուսակցության քսաներորդ համագումար (արտահերթ), տեղի է ունեցել 1959 թվականի հունվարի 10–13–ը, Երևանում: Մասնակցել են 518 պատգամավոր վճռական և 25–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով: Համագումարը լսել և քննարկել է ՍՍՀՄ ժողտնտեսությանզարգացման 1959–65 թթ. յոթնամյա պլանի վերաբերյալ ՍՄԿԿ Կենտկոմի ընդունած կոնտրոլ թվերի նախագծի թեզիսները և Հայաստանի կոմունիստական կուսակցության խնդիրները: Յոթնամյա պլանով հանրապետության արդյունաբերությունը կառուցվածքային առումով կրելու էր որակական նշանակալի փոփոխություններ: 1965–ին, 1958–ի համեմատ, արդ. համախառն արտադրանքի ծավալը ավելանալու էր 2,3 անգամ: Քիմ. արդյունաբերության մեջ առաջին անգամ որպես նախնական հումք օգտագործվելու էր բնական գազը: Լայն զարգացում էր ստանալու սինթետիկ թելերի, պլաստմասսայի և սինթետիկ այլ նյութերի արտադրությունը: Տեղական նեֆելինային սիենիտների բազայի վրա նախատեսվում էր կառուցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատը: Հանրապետության էլեկտրաէներգիայի զարգացման մեջ, որպես գլխավոր ուղղություն, 1959–65–ին նախատեսվում էր կառուցել ջերմաէլեկտրակայաններ, որոնք աշխատելու էին բնական գազով: Կրճատվելու էր Սևանա լճից ջրի բացթողումը, նախատեսվում էր 1965–ից Սևան–Հրազդան կասկադը օգտագործել միայն ոռոգման նպատակներով: Հանրապետության արդյունաբերությանը հարստանալու էր էլեկտրաչափիչ սարքերի, ավտոմատացման միշոցների և դրանց պահեստամասերի արտադրության ձեռնարկություններով: Կառուցվելու էին մետաղահատ հաստոցներ և գործիքներ արտադրող մի քանի նոր գործարաններ: Թեթև արդյունաբերության և սննդարդյունաբերության համախառն արտադրանքը 1965–ին, 1958–ի համեմատ, աճելու էր 1,7 անգամ: Համագումարն անհրաժեշտ գտավ իրագործել արդյունաբերության առավել ռացիոնալ տեղաբաշխում: Արդ. կենտրոնների էին վերածվելու Հրազդանը, Լուսավանը (այժմ` Չարենցավան), Աբովյանը, Արզնին, Սևանը: Արդ. նոր ձեռնարկություններ էին կառուցվելու Դիլիջանում, Իջևանում, Ագարակում, Ստեփանավանում, Գորիսում և այլ քաղաքներում ու շրջաններում: Յոթնամյա պլանով հանրապետության գյուղատնտեսության առավել մեծ հեռանկար ունեցող ճյուղեր էին համարվում խաղողագործությունը, այգեգործությունը, անասնաբուծությունը և տեխ. կուլտուրաները: Յոթնամյակի տարիներին հանրապետությունում զգալի զարգացում էր ստանալու ժող. կրթության և բնակչության բուժսպասարկման գործը: Զգալի միջոցներ էին առանձնացվում գիտահետազոտական հիմնարկներին: Կազմակերպվելու էին 12 նոր գիտահետազոտական ինստ–ներ ու լաբորատորիաներ: Ընդհանուր առմամբ յոթնամյա պլանով հանրապետության ժողտնտեսության մեջ կապիտալ ներդրումների ծավալը սահմանված էր 2 մլրդ 70 մլն ռ., որն ավելի քան 2,5 անգամ գերազանցում էր 1952–58 թթ. ներդրումները: Համագումարի ընդունած բանաձևում լիովին հավանություն տրվեց հանրապետության ժողտնտեսության զարգացման յոթնամյա պլանի նախագծին: