ՀՍՀ/ՀԿ(բ)Կ III ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿ(բ)Կ III ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության երրորդ համագումար, կայացել է 1924 թվականի մայիսի 5–9–ը, Երևանում: Մասնակցել է 132 պատգամավոր վճռական և 32–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին կուսակցության 4229 անդամ–թեկնածուների` հանրապետության 376 կազմակերպություններից (բջիջներից): Համագումարում քննարկվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի քաղ. ու կազմակերպչական, կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, գյուղում տարվելիք աշխատանքի, կոոպերացիայի և ներքին առևտրի հարցերը: Համագումարն ամփոփեց հաշվետու ժամանակաշրջանում ժողտնտեսության վերականգնման ասպարեզում ձեռք բերված հաջողությունները: Ավարտվել էր Լենինականի տեքստիլ կոմբինատի, Երևանի և Սարդարապատի (Հոկտեմբերյան) բամբակազտիչ գործարանների շինարարությունը, մասնակիորեն վերականգնվել էին Ղափանի պղնձի հանքահորերը, զգալիորեն բարելավվել էր աշխատավոր գյուղացիության դրությունը, նախորդ տարվա համեմատությամբ 10–ով ավելացել էին ցանքատարածությունները: Նշվեցին նաև գյուղատնտեսության բնագավառում առկա դժվարությունները: Խոսվեց գյուղում դասակարգային թշնամու դեմ տարվող պայքարի ուժեղացման մասին, երիտասարդության շրջանում քաղդաստիարակչական աշխատանքի ծավալման, նրան արտադրական գործունեության մեջ լայնորեն ընդգրկնլու մասին: Համագումարը կուսակցական կազմակերպությունների առջև դրեց կազմակերպչական և քաղդաստիարակչական աշխատանքների մակարդակի բարձրացման, լենինիզմին թշնամի գաղափարների դեմ պայքարի ուժեղացման, մասսաների հետ կուսակցության կապերի ամրապնդման միջոցով ժողտնտեսության վերականգնումը հաջողությամբ ավարտելու խնդիրներ: Համագումարն ամփոփեց 1923–ի ներկուսակցական դիսկուսիայի արդյունքները, նշելով, որ Հայկոմկուսը միաձույլ է և մինչև վերջ հավատարիմ լենինիզմին: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ Կենտկոմ, վերստուգիչ հանձնաժողով և կենտրոնական վերահսկիչ հանձնաժողով: ՀԿ(բ)Կ ԿԿ քարտուղարներ ընտրվեցին Ա. Հովհաննիսյանը, Ա. Շահսուվարյանը և Ե. Բակունցը:
