ՀՍՀ/ՀԿ(բ)Կ VIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿ(բ)Կ VIII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության համագումար, տեղի է ունեցել 1932 թվականի հունվարի 17–22–ը, Երևանում: Մասնակցել են 534 պատգամավոր վճռական և 88–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացրել են կուսակցության 21487 անդամ թեկնածուների: Քննարկվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի, կենտրոնական վերստուգիչ և վերահսկիչ հանձնաժողովների հաշվետվությունները, գյուղի սոցիալիստական վերակառուցման և այլ հարցեր: Նախորդ համագումարից հետո անցած ժամանակաշրջանում (1930–1932) հանրապետությունում ստեղծվել էին արդյունաբերության խոր ճյուղեր, կառուցման ընթացքում էին մի շարք ձեռնարկություններ Ձորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանները, Ղարաքիլիսայի (Կիրովական) քիմ. կոմբինատը, Արարատի ցեմենտի գործարանը ևն: Համագումարը կուսակցության Կենտկոմին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել արագացնելու Ալավերդու պղնձաձուլարանի, Ղափանի հարստացուցիչ գործարանի և գյուղական էլեկտրակայանների կառուցումը: Հաշվետու շրջանում զգալի տեղաշարժեր էին կատարվել գյուղի սոցիալիստական վերակառուցման ուղղությամբ: Համագումարն անհրաժեշտ համարեց հատուկ ուշադրություն դարձնել կոլտնտեսություններում արտադրողականության բարձրացման և անասնաբուծության զարգացման հարցերին: Խնդիր դրվեց հիմնական բամբակացան շրջանների կոլեկտիվացումն ավարտել 1932–ին: Հանրապետության ջրային տնտեսություններն ընդլայնելու նպատակով մշակվել են մի շարք միջոցառումներ: Համագումարը կուսակցական կազմակերպություններին հանձնարարեց ուժեղացնել արհմիությունների աշխատանքը, ուշադրության կենտրոնում պահել աշխատավորների կուլտուր–կենցաղային պայմանների բարելավման հարցերը: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի նոր կազմ:
