ՀՍՀ/ՀԿ(բ)Կ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿ(բ)Կ VII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության յոթերորդ համագումար, տեղի է ունեցել 1930 թվականի մայիսի 24–28–ը, Երևանում: Մասնակցել է 350 պատգամավոր վճռական և 70–ը` իարհրդակցական ձայնի իրավունքով: Քննարկվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի, ԿՎՀ–ԲԳՏ–ի կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, գյուղատնտեսության զարգացման ու կոլտնտ. շինարարության խնդիրները և այլ հարցեր: Հաշվետու ժամանակաշրջանում ժողտնտեսության մեջ ներդրված կապիտալ ներդրումները նախորդ 5 տարվա համեմատ կրկնապատկվել էին: Շահագործման էին հանձնվել Երևանի 2–րդ և Լենինականի, Գորիսի, Իջևանի, Կրասնոսելսկի և այլ շրջանային հիդրոկայանները, շարունակվում էր Ձորագետի և Քանաքեռի հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Ընթացքի մեջ էր Ալավերդու պղնձաձուլարանի արմատական վերակառուցումը, ընդլայնվել և վերասարքավորվել էին Լենինականի տեքստիլ կոմբինատը., Երևանի կաշվի և ձեթօճառի գործարանները: Քննարկելով կուսակցական և սովետական մարմինների անելիքները արդյունաբերության բնագավառում` համագումարը նրանց առաջ խնդիր դրեց ապահովել արտադրական պլանների կատարումն ու գերակատարումը, նոր տեխնիկայի յուրացումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումը: Նշվեցին միջոցառումներ աշխատավորների նյութական բարեկեցության և կուլտուրական մակարդակի բարձրացման, բնակարանային շինարարության ընդլայնման ուղղությամբ: Անդրադառնալով գյուղի սոցիալիստական վերակառուցման խնդիրներին` համագումարը մատնանշեց կոլեկտիվացման գործում տեղ գտած սխալները (կամավորության սկզբունքի խախտումներ, միջակ տնտեսությունների նկատմամբ ցուցաբերված ծայրահեղություններ ևն) և հանձնարարեց Կենտկոմին կազմակերպել անհաշտ պայքար կուսակցության գծի ծռումների դեմ: Կուսակցական կազմակերպությունների առջև խնդիր դրվեց ուժեղացնել գաղափարական աշխատանքը բատրակային–չքավորական մառլաների շրջանում և նոր ու որակյալ կադրերով համալրել գյուղի կուսակցական ու սովետական աշխատողների շարքերը: Համագումարում առաջարկվեց վերակառուցել Երևանի համալսարանը և կազմակերպել գյուղատնտ., բժշկ., տեխնոլոգիական և մանկավարժական առանձին ինստ–ներ: Կադրերի պատրաստումն արագացնելու և բարելավելու նպատակով որոշվեց ընդլայնել բուհերի, բանֆակների և տեխնիկումների ցանցը և ստեղծել կուլտուր–լուսավորական նոր օջախներ: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի նոր կազմ: Կենտկոմի պլենումում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Ա. Ղ. Խանջյանը:
