Jump to content

ՀՍՀ/ՀԿ(բ)Կ XII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԿ(բ)Կ XII ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասներկուերորդ համագումար, տեղի է ունեցել 1939 թվականի փետրվարի 26–28–ը, Երևանում: Մասնակցել են 433 պատգամավոր վճռական և 88–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին Երևանի ու Լենինականի քաղաքային և 36 գյուղական շրջանային կազմակերպություններում միավորված 18429 կուսանդամների և 8381 թեկնածուների: Համագումարը քննարկեց ՀամԿ(բ)Կ XVIII համագումարին ներկայացվող ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման երրորդ հնգամյա պլանի թեզիսները և ՀամԿ(բ)Կ կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունների թեզիսները: Համագումարը նշեց Հայաստանի կուսակցական, կոմերիտական և արհմիութենական կազմակերպությունների խնդիրները հանրապետության ժողտնտեսության զարգացման գործում, մասնավորապես երրորդ հնգամյա պլանով (1938–42) նախատեսվող շինարարական օբյեկտների կառուցումն ապահովելու տեսանկյունից: Խնդիր դրվեց ընդլայնել լեռնահանքային արդյունաբերությունը Ալավերդում և Ղափանում, ավարտել Երևանի կաուչուկի և Կիրովականի քիմ. կոմբինատների կառուցումը: Համագումարն ընտրեց 1939–ի մարտի 10–ին Մոսկվայում բացվող ՀամԿ(բ)Կ XVIII համագումարի պատգամավորներ: