ՀՍՀ/ՀԿ(բ)Կ XV ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿ(բ)Կ XV ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասնհինգերորդ համագումար, տեղի է ունեցել 1951 թվականի մարտի 20–22–ը, Երևանում: Մասնակցել են 406 պատգամավոր վճռական և 23–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով, որոնք ներկայացնում էին 56174 կուսանդամների և 5451 թեկնածուների: Համագումարը լսել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի հաշվետվությունը և ամփոփել չորրորդ հնգամյակում հանրապետության կուսկազմակերպությունների կատարած աշխատանքի արդյունքները արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ասպարեզում: Արդ. համախառն արտադրանքի հնգամյա պլանը գերակատարվել էր 31–ով: 1940–ի մակարդակը 1951–ին գերազանցվել էր 2,4 անգամ: Հանրապետությունում կառուցվել և վերակառուցվել էին տասնյակ նոր ձեռնարկություններ (Երևանի Վ. Ի. Լենինի անվ. էլեկտրամեքենաշինական, ճշգրիտ էլեկտրասարքավորումների, կաբելի, ժամացույցի, ալյումինի, «Պոլիվինիլացետատ», մահուդի, Սպիտակի շաքարի, Հոկտեմբերյանի պահածոների): Սկսվել էր մի շարք խոշոր օբյեկտների (Գյումուշգէս, Քաջարանի կոմբինատ ևն) կառուցումը: Ընդլայնվել էր ժող. սպառման առարկաների արտադրանքը: Սննդարդյունաբերության արտադրանքը զգալիորեն գերազանցել էր նախապատերազմյան մակարդակը: Զգալի էին հաջողությունները նաև գյուղատնտեսության բնագավառում: Տեխ. կուլտուրաների ցանքատարածությունները հնգամյակի ընթացքում ավելացել էին 17–ով: Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1950–ին, 1940–ի համեմատ, ավելացել էր 27–ով, ոչխարներինը և այծերինը` 72–ով: Էլեկտրիֆիկացված կոլտնտեսությունների թիվը հնգամյակի տարիներին ավելացել էր մոտ 3 անգամ: Կառուցվել և գործարկվել էին ստորին Զանգվի ջրանցքի առաջին հերթը, Քանաքեռի ջրհան կայանը և մի շարք ջրատարներ: Գյուղատնտեսության մեջ դրական տեղաշարժեր կային աշխատանքների մեքենայացման գործում: ՄՏԿ–ների թիվը հասել էր 50–ի: 1950–ին գյուղատնտեսության 42 առաջավորներ արժանացել էին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման, հարյուրավոր աշխատողներ պարգևատրվել էին շքանշաններով ու մեդալներով: Նշվեց, որ չորրորդ հնգամյա պլանի հաջող կատարման շնորհիվ բարձրացել էր ժողովրդի կենսամակարդակը: Համագումարն ընտրեց ՀԿ(բ)Կ ղեկավար մարմիններ:
