ՀՍՀ/ՀԿ(բ)Կ X ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
ՀԿ(բ)Կ X ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության տասներորդ համագումար, տեղի է ունեցել 1937 թվականի մայիսի 26–հունիսի 2–ը, Երևանում: Մասնակցել են 426 պատգամավոր վճռական և 66–ը` խորհրդակցական ձայնի իրավունքով: Քննարկվել են ՀԿ(բ)Կ Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Կենտկոմի հաշվետվության մեջ մատնանշվում էր, որ երբեմնի հետամնաց Հայաստանը դարձել է բարգավաճող ինդուստրիալ–ագրարային երկիր: Անցած տարիներում Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրվել էր 609 մլն ռ: Ժողտնտեսության մեջ արդյունաբերության տեսակարար կշիռը կազմում էր 69–70: Կառուցվում էին Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը, Երևանի սինթետիկ կաուչուկի խոշոր կոմբինատը ևն: Որոշելով կուսակցական կազմակերպությունների մոտակա խնդիրները արդյունաբերության բնագավառում` համագումարն անհրաժեշտ գտավ ձեռնամուխ լինել մոլիբդենի արդյունահանմանը, զարկ տալ պղնձի և քիմ. արդյունաբերության զարգացմանը, արագացնել արդ. նոր օբյեկտների կառուցումը: Նախորդ համագումարից հետո զգալի առաջընթաց էր կատարվել գյուղատնտեսության բնագավառում: Գյուղացիական տնտեսությունների 88–ը ընդգրկված էր կոլեկտիվ տնտեսություններում, դրանց 59–ին սպասարկում էին ՄՏԿ–ները: Բարձրա g ել էր հացահատիկային և տեխ. կուլտուրաների, հատկապես բամբակի բերքատվությունը: Համագումարը հանրապետության շրջանային կուսակցական ու սովետական մարմինների առջև խնդիր դրեց բարձրացնել գյուղատնտ. կուլտուրաների բերքատվությունը, տնտեսապես ամրապնդել կոլտնտեսությունները, արագացնել գյուղատնտ. աշխատանքների մեքենայացումը, ընդլայնել ոռոգման ցանցը: Խոշոր նշանակություն տրվեց անասնապահության զարգացմանը: Համագումարում նշվեցին կուլտուրայի, արվեստի ու գրականության բնագավառում ձեռք բերված հաջողությունները: Անհատի պաշտամունքի պայմաններում, երբ տեղի էին ունենում ներկուսակցական դեմոկրատիայի ու սոցիալիստական օրինականության կոպիտ խախտումներ, համագումարում առաջադրված որոշ խնդիրներ քննարկվեցին սուբյեկտիվ–կամայական դիրքերից: Ժողտնտեսության մի շարք ճյուղերում պլանների թերակատարումը դիտվեց որպես պետ. վնասարարության արդյունք: Լ. Պ. Բերիայի արատավոր ու կամայական գործողությունների հետևանքով նսեմացվեցին Հայկ. ՍՍՀ–ում ձեռք բերված հաջողությունները, և ՀԿ(բ)Կ Կենտկոմի կատարած աշխատանքը հաշվետու ժամանակաշրջանում համարվեց անբավարար: Համագումարն ընտրեց Կենտկոմի նոր կազմ (55 անդամ, 14 թեկնածու): Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվեց Ա. Ս. Ամատունին:
