ՀՍՀ/ՀՂԻՈՒԹՅՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ
ՀՂԻՈՒԹՅՈՒՆ կենդանիների, էգի օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջից պտղի առաջացման և հետագա զարգացման ֆիզիոլոգիական պրոցես: Հատուկ է միայն կենդանածին օրգանիզմներին և բնականոն պայմաններում ավարտվում է ծինով: Կաթնասուն կենդանիների (բացառությամբ ձվածինների) Հ. էականապես տարբերվում է որոշ կենդանածին ձկների (շնաձուկ, կատվաձուկ), սողունների (իժ, կենդանածին մողես ևն) համապատասխան վիճակից: Կաթնասունների բեղմնավորված ձվաբջջի կամ զիգոտի զարգացումն սկսվում է ձվատար խողովակում, ապա անցնում է արգանդ, որոշ ժամանակ անց տեղի է ունենում ներպատվաստում (իմպլանտացիա), այսինքն` սաղմն ամրանում է արգանդի պատին: Զարգացող սաղմի և մայրական օրգանիզմի միջև կապ է ստեղծվում ընկերքի միջոցով, և առաջանում են սաղմնային թերթիկները: Հղի էգի արգանդը ծավալով մեծանում է 10–15 անգամ: Տարբեր կենդանիների Հ. տևում է. մկներինը` մոտ 20 օր, ճագարինը` 29–33, շանը` 58–66, առյուծինը` 103–110, այծինը և ոչխարինը` 145–157, գորշ արջինը` մոտ 210, կովինը` 270–300, ձիունը` 320–355, փղինը` մինչև 660 ևն: Սմբակավոր կենդանիների ձագերը ծնվում են լավ զարգացած և անմիջապես կարող են ինքնուրույն շարժվել: Այդպիսի կենդանիների Հ. ավելի երկարատև է, քան գիշատիչներինը, որոնց ձագերը ծնվում են կույր, առանց ատամների և մայրական խնամք են պահանջում: Պարկավորների ձագերը ծնվում են թերզարգացած և զարգացումն ավարտում են մոր «պարկում»: Հ–յան տևողությունը միևնույն տեսակի կենդանու մոտ կարող է փոփոխվել կախված տարվա եղանակից (ամռանը կարճ է, ձմռանն ավելի երկար), ձագի սեռից (էգ ձագերն ավելի շուտ են ծնվում), ձագերի քանակից: Կաթնասունների տարբեր խմբեր մեկ ծինում ունենում են. գիշատիչները` 2–20, կրծողները 2–10, սմբակավորները` 1–5, կնճիթավորները` 1 ձագ:
