Jump to content

ՀՍՀ/ՀՂԻՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՂԻՈՒԹՅՈՒՆ մարդու, ֆիզիոլոգիական պրոցես (կամ վիճակ), որի դեպքում կնոջ օրգանիզմում բեղմնավորված ձվաբջջից զարգանում է պտուղը և ավարտվում երեխայի ծնվելով: Հ. սկսվում է բեղմնավորման (ձվաբջիջը սպերմատոզոիդի հետ միաձուլվելու) պահից, որը տեղի է ունենում արգանդափողում: Բեղմնավորված ձվաբջիջը (պտղաձու) արգանդափողի մկանային կծկումների և թարթիչավոր էպիթելի թավիկների շարժումների շնորհիվ սկսում է առաջ շարժվել և, 7–8 օրում հասնելով արգանդի խոռոչ, պատվաստվում է լորձաթաղանթի վրա: Երբեմն պտղաձուն պատվաստվում է արգանդից դուրս` փողում, ձվարաններում, որովայնի խոռոչում (տես Արտարգանդային հղիություն), որի դեպքում անհրաժեշտ է կատարել վիրահատություն: Հ. ֆիզիոլոգիական պրոցես է, որը կնոջ օրգանիզմի վրա ունենում է բարերար ազդեցություն: Սակայն զարգացող պտղի պահանջների հետևանքով կնոջ բոլոր օրգաններն ու հյուսվածքները գտնվում են բարձր ծանրաբեռնվածության տակ: Հ–յան առաջին օրերից ձվարանում գործում է ձվազատման ժամանակ առաջացած դեղին մարմինը (ներքին սեկրեցիայի գեղձ, որն արտադրում է պրոգեստերոն): Ձվարաններում արտադրվող հորմոնների (պրոգեստերոն և ֆոլիկուլին) ազդեցության տակ տեղի են ունենում մի շարք փոփոխություններ: Ձվարաններում դադարում են հասունանալ գրաֆյան բշտերը: Հիպոֆիզը մեծանում է 3 անգամ, հատկապես նրա աոջևի բիլթը, որը պայմանավորված է գեղձի ֆունկցիայի բարձրացմամբ: Հիպոֆիզի ազդեցության ներքո կաթնագեղձերը ծավալով մեծանում են, դառնում ավելի առաձգական, կրծքապտուկներից կարող է արտադրվել խիժ: Արգանդի լորձաթաղանթը ենթարկվում է հիպերտրոֆիայի: Այն վերափոխվում է, այսպես կոչված, ընկնող թաղանթի (ծննդաբերությունից հետո անջատվում և արտամղվում է արգանդից): Արգանդի մկաններում զարգանում են նոր մկանաթելեր: Յուրաքանչյուր մկանաթել մեծանում է երկարությամբ 10 անգամ, լայնությամբ` 4: Բարձրանում է մկանների կծկողական հատկությունը: Արգանդի ծավալը մեծանում է 500, կշիռը` 25 անգամ: Արգանդի անոթները մեծանում են ըստ երկարության և լայնության, առաջանում են նոր անոթներ, դեպի արգանդ հոսող արյան քանակությունը միավոր ժամանակամիջոցում մեծանում է 5–6 անգամ: Հ–յան ընթացքում ինտենսիվանում է սիրտ–անոթային համակարգի գործունեությունը: Հիպոֆիզի հորմոնների ազդեցության տակ կարող է բարձրանալ արյան ճնշումը (զարկերակային): Սրտի գերծանրաբեռնվածության հետևանքով զարգանում է ձախ փորոքի հիպերտրոֆիա: Երակների պատերի փոփոխության հետևանքով կարող է առաջանալ երակների հանգուցավոր լայնացում` հաճախ ստորին վերջույթների: Արյան քանակությունն ավելանում է 400–500 մլ–ով: Խթանվում է արյունաստեղծ օրգանների ֆունկցիան, ավելանում է լեյկոցիտների, էրիթրոցիտների, հեմոգլոբինի քանակությունը: Զգալի փոփոխությունների է ենթարկվում նյութափոխանակությունը. ֆերմենտային պրոցեսներն արագանում են, օքսիդացմանը` դանդաղում: Սպիտակուցային և ճարպային փոխանակությունն իջնում, իսկ ածխաջրատային և ջրա–աղային փոխանակությունը բարձրանում է: Ավելանում է ջրի պահանջը, ուժեղանում հանքային աղերի փոխանակությունը: Պտղի զարգացման համար անհրաժեշտ վիտամինները (А, В, С, D, E) անցնում են մոր արյան միջոցով: Հ–յան ընթացքում կնոջ մարմնի կշիռը ավելանում է 10–կգ–ով: Հ–յան սկզբում կարող են լինել սրտխառնոց, փսխում, համի զգացողության փոփոխություն (տհաճություն որոշ սննդամթերքների նկատմամբ), հղին հաճախ զգում է սուր և թթու սննդի կարիք: Երբեմն առաջանում է ուտելու համար ոչ պիտանի նյութերի (կավիճ, կավ, ավազ) օգտագործման պահանջ, որը կապված է ստամոքսի հյութազատիչ գործունեության և նյութափոխանակության փոփոխության հետ: Հ–յան առաջին ամիսներին փոփոխվում է նաև կնոջ հոգեկան աշխարհը, դառնում է զգայուն, բարձրանում է գրգռողականությունը, նկատվում է քնի խանգարում: Պտղի զարգացման հետ հղին աստիճանաբար դառնում է հավասարակշռված: Հատկապես մեծ փոփոխություններ են լինում Հ–յան երկրորդ կեսում: Արգանդի աճի հետ միաժամանակ, կնոջ ողնաշարը և ուսերը մի փոքր ետ են թեքվում, որը նրան տալիս է ավելի կայուն դիրք: Փոխվում է քայլվածքը («հպարտ» քայլվածք): Ստոծանու բարձր դիրքի հետևանքով կրծքի վանդակը լայնանում է: Որովայնի պատը լարվում է: Որոշ կանանց մոտ, հատկապես առաջնածինների և բազմապտուղ Հ–յան ժամանակ, որովայնի մաշկի և ազդրերի վրա ի հայտ են գալիս կարմրավարդագույն զոլեր, որոնք ծննդաբերությունից հետո դառնում են ավելի բաց գույնի: Որովայնի սպիտակ գիծը, արտաքին սեռական օրգանները, շուրջպտկային շրջանակները դառնում են ավելի մուգ, դեմքի վրա հաճախ ի հայտ են գալիս մուգ բծեր: Հ–յան 4–րդ ամսից ավելանում է սեռական հորմոնների արտադրումը, հատկապես ընկերքում արտադրվող` էստրիոլ, պրոգեստերոն: Մի շարք գործոնների ազդեցության տակ Հ. կարող է բարդանալ (հղիության թունավորումներ, որոշ հիվանդությունների բարդացում ևն), ուստի կինը պետք է գտնվի կանանց կոնսուլտացիայի հսկողության տակ: Հ–յան նշանները կարող են լինել սուբյեկտիվ` սրտխառնոց, փսխում, համի զգացության փոփոխություններ, գրգռվածություն ևն: Հավանական նշաններն են` սեռական օրգաններում (արգանդի չափերի մեծացում, կոնսիստենցիայի փոփոխություն, դաշտանի դադարում) և կաթնագեղձերում տեղի ունեցող փոփոխությունները, իսկ ստույգ կամ անկասկած նշաններն են` պտղի շարժումը, սրտի բաբախումների լսումը կամ գրառումը հատուկ սարքավորումների օգնությամբ, պտղի մասերի (գլուխ, իրան, ոտքեր) շոշափումը, կմախքի ռենտգենյան հետազոտումը: Արգանդում պտուղը տեղավորված է պտղապարկի խոռոչում, որը կազմված է պտղաթաղանթներից: Ներքին, ջրային թաղանթը լցված է շուրջ–պտղային հեղուկով, որն ապահովում է պտղի ազատ շարժումը, նրան պահպանում արտաքին ցնցումներից, պորտալարի սեղմումից, պտղի մաշկի և ջրային թաղանթների միջև կպումներից ևն: Հ–յան վերջում, ծննդաբերությունից մոտավորապես 1–2 ամիս առաջ, պտուղն արգանդում ընդունում է երկարաձիգ դրություն, ըստ որում (96) նա լինում է գլխայինառաջադրությամբ (գլուխը ցած), 3,5 կոնքային առաջադրությամբ (կոնքը ցած) և 0,5 ախտաբանական` միջաձիգ կամ թեք դրությամբ, որի ժամանակ ծննդաբերությունն ավարտելու համար պահանջվում է մանկաբարձական օգնություն կամ վիրահատություն: Հ–յան տեողությունը հաշվվում է վերջին դաշտանի առաջին օրից: Տարբերում են հասուն` ժամկետային Հ. (հասուն պտղով), որը տևում է 37 լրիվ շաբաթից մինչև, 42 շաբաթից պակաս (259–293 օր), անավարտ Հ. (անհաս պտղով)` 28 լրիվ շաբաթից մինչև 37 շաբաթից պակաս (196–258 օր), ժամկետանց Հ. (գերհասուն պտղով)` 42 լրիվ շաբաթից ավելի: Հ–յան վերջին շրջանում, ՍՍՀՄ–ում աշխատող կանանց, տրվում է արձակուրդ 56 օր` մինչև ծննդաբերությունը և 56 օր` ծննդաբերությունից հետո:

Գրկ. Մարգարյան Պ. Հ., Մանկաբարձություն, Ե., I 960: Жордания И.Ф., Учебник акушерства, М., 1959 Говорка Э., Плацента человека, Варшава, 1970 Бодяжина В.И., Жмакин К.Н., Учебник акушерства, М., 1970.