ՀՍՀ/ՀՂԿԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
ՀՂԿԱՆՅՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, գործիքներ, որոնք նախատեսված են մետաղից, ապակուց և այլ նյութերից պատրաստված շինվածքների մեխանիկական մշակման համար: Բաժանվում են 2 հիմնական տեսակի` կոշտ (հղկասկավառակներ, հղկագլխիկներ, սեգմենտներ, չորսվակներ) և ճկուն (հղկաթուղթ և դրանից պատրաստված շինվածքներ` ժապավեններ, սկավառակներ ևն): Հ. գ–ի պատրաստման համար օգտագործում են հղկանյութեր (էլեկտրակորունզ, սիլիցիումի կարբիդ, սինթետիկ և բնական ալմաստներ): Հ. գ. թողարկվում են կերամիկական, բակելիտային, վուլկանիտային, սակավ` սիլիկատային կապակցանյութերով, որոնցով ամրանում են առանձին հղկահատիկները: Ստանդարտ Հ. գ–ի անվանացուցակը նախատեսում է շուրջ 750 տիպաչափեր, իսկ ընդամենը կա 12000 տարատեսակ: Հ. գ–ի կարևոր ցուցանիշը ալմաստների կոնցենտրացիան է` ալմաստահատիկի պարունակությունը ալմաստակիր շերտի 1 մմ³–ում (100 կոնցենտրացիայի դեպքում 1 մմ³ ում կա 0,878 մգ ալմաստահատիկ): Սկավառակներում ալմաստների կոնցենտրացիան ալմաստի շերտում 25–200 է: Հ. գ. լայնորեն կիրառվում են մեքենաշինության բոլոր ճյուղերում, մասնավորապես առանցքակալների արտադրության մեջ:
