Jump to content

ՀՍՀ/ՀՂԿԻՉ ՀԱՍՏՈՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՂԿԻՉ ՀԱՍՏՈՑ, հղկանյութային գործիքներով մակերևույթների մշակման հաստոց: Կախված հղկվող մակերևույթի ձևից և մշակման նպատակներից` Հ. հ–ները տարբեր են լինում: Արտաքին գլանական և կոնական մակերևույթների հղկման համար կիրառում են կլորահղկման հաստոցներ: Մշակվող նախապատրաստուկը տեղադրվում է կենտրոններում, պտտական շարժում ստանում առջևի թակից և հաստոցի սեղանի հետ կատարում ետադարձ–համընթաց շարժում (իր առանցքի ուղղությամբ): Մշակումը կատարվում է հղկաքարով, որը պտտական շարժում ստանում է հղկող գլխիկից: Ներքնահղկիչ հաստոցը նախատեսված է ներքին գլանական և կոնական մակերևույթների հղկման համար: Կլոր Հ. հ–ից տարբերվում է հղկող գլխիկի կառուցվածքով և դետալի ամրացման ձևով: Կոպիտ, սևատաշ մշակման համար կիրառում են կոպիտ մշակման, իսկ կտրող գործիքների (կտրիչ, ֆրեզ) սրման համար` սրիչ հաստոցներ: Հարթահղկման հաստոցը ծառայում է հարթ մակերևույթների հղկման համար: Լինում է պտտվող և ետադարձ–համընթաց շարժվող սեղանով: Մակերևույթների վերջնամշակման համար կիրառվում են կիպահղկման և ողորկման հաստոցներ: Կան նաև ժապավենահղկիչ, ուլտրաձայնային, մագնիսահղկման, հղկահեղուկային հաստոցներ: Հայկ. ՍՍՀ–ում կլորահղկման հաստոցներ արտադրվում են Լենինականում: Ժապավենային և հղկահեղուկային հաստոցներ նախագծվում և արտադրվում են Երևանում, մետաղահատ հաստոցների փորձարարական գիտահետազոտական ինստ–ի Անդրկովկասյան մասնաճյուղում: