Jump to content

ՀՍՀ/ՀՂԿՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՂԿՈՒՄ, նախապատրաստուկների մակերևույթների մաքրամշակում հղկանյութային գործիքներով: Մշակումը կատարվում է միկրոկտրմամբ: Հ. ապահովում է մշակվող դետալների չափերի և երկրաչափական ձևերի բարձր ճշգրտություն (մինչև 3 մկմ): Հղկահատիկների կարծրությունը թույլ է տալիս հղկել դժվար մշակվող նյութեր: Կա հղկման երկու հիմնական եղանակ` կապված և ազատ հղկահատիկներով: Առաջին դեպքում, որն առավել լայն կիրառություն ունի, հղկահատիկներն ամրացվում են կարծր կամ ճկուն հիմքի վրա (հղկաքար, հղկաժապավեն): Երկրորդ դեպքում հղկահատիկներն ուղղում են մշակվող մակերևույթի վրա օդի, հեղուկի շիթով, մագնիսական դաշտի ազդեցությամբ կամ մածուկի ձևով` վերջնահղկման ժամանակ: Հ. հիմնականում կիրառվում է մեքենաշինության, փայտամշակման և քարամշակման արդյունաբերության մեջ: