ՀՍՀ/ՀՄՏՈՒԹՅՈՒՆ
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, շարժողական կամ մտավոր խնդիր լուծելու լրիվ կամ մասնակի ավտոմատիզմի հասցված կարողություն: Հ–ները լինում են շարժողական, ընկալման և մտավոր: Յուրացման ենթակա ամեն մի նոր գործողություն սկզբնապես լինելով ինքնուրույն, ծավալուն և գիտակցված գործողություն, բազմակի կրկնությունների շնորհիվ աստիճանաբար ավտոմատացվում է, հաճախ մտնելով այլ գործողության կազմի մեջ որպես բաղադրամաս: Վարժությունների օգնությամբ Հ. մշակելիս փոխվում են շարժումների կատարման հնարները (մի շարք մասնավոր և առանձին կատարվող գործողություններ ձուլվում են մեկ միասնական գործողության մեջ), վերանում են ավելորդ շարժումները: Մարդը կարողանում է գործողությունները միաժամանակ կատարել երկու ձեռքով (կամ ոտքով), մեծանում է կատարման արագությունը: Փոխվում են գործողությունների զգայական վերահսկողության հնարները, տեսողական վերահսկողությունը փոխարինվում է առավելապես մկանային–կինեսթետիկ վերահսկողությամբ: Հմտորեն գործող մարդու ուշադրությունն ազատվում է գործողությունների հնարներն ընկալելուց և տեղափոխվում է իրադրության ու արդյունքների վրա: Հ. տարբերվում է սովորությունից, քանի որ իր հիմքում որոշակի պայմաններում վերարտադրվելու կայուն միտում չունի: Հ–ները տեղափոխվում են այլ իրադրություններ` մասնակցելով նոր խնդիրների լուծման պրոցեսներին: Կենսափորձը զգալի չափով կազմված է Հ–ներից, որոնք փոխներգործում են:
Ա. Նալչաջյան
