ՀՍՀ/ՀՅՈՒԹԵՐ
ՀՅՈՒԹԵՐ, թարմ պտուղներից, հատապտուղներից, բանջարեղենից ստացվող ըմպելիքներ: Տարբերում են մանրացված պտուղների, հատապտուղների ճզմումից ստացվող թափանցիկ Հ. և նախապես քերված պտղամսով Հ., որոնք հարուստ են կարոտինով և ջրում չլուծվող այլ արժեքավոր բաղադրամասերով: Հ. առանձնահատուկ նշանակություն ունեն որպես վիտամինների (մասնավորապես С վիտամինի) աղբյուր: Ըստ բաղադրության և արտադրության եղանակի Հ. լինում են. բնական (պտուղների և հատապտուղների մեկ տեսակից` առանց այլ նյութերի ավելացման), մի քանի տեսակներից պատրաստված, քաղցրացված (շաքարի և շաքարահյութի ավելացումով), գազով (ածխաթթոլ գազով հագեցված), կոնցենտրացված (թանձրացված): Ըստ կոնսերվացման եղանակի տարբերում են պաստերիզացված (կամ մանրէազերծված), սառեցված, հակասեպտիկներով կամ այլ քիմ. նյութերով կոնսերվացված և այլ եղանակներով պատրաստված Հ.: Հայկ. ՍՍՀ–ում արտադրվում են ծիրանի, դեղձի, խաղողի, սալորի, լոլիկի ևն Հ.:
