Jump to content

ՀՍՀ/ՀՅՈՒԾԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՅՈՒԾԱՆՔ, կախեքսիա (հուն. x– վատ վիճակ), օրգանիզմի հիվանդագին վիճակ. բնորոշվում է խորը հյուծվածությամբ և ֆիզիկական թուլությամբ: Ախտանշաններն են. խիստ նիհարում, քաշի կորուստ, մաշկի չորություն և թորշոմում, մազաթափություն, ենթամաշկային ճարպաշերտի անհետացում, մկանների և ներքին օրգանների ապաճում, արյան շիճուկում սպիտակուցների պարունակության նվազում: Կարող են առաջանալ նաև այտուցներ, արյունազեղումներ, սակավարյունություն, երբեմն` հոգեկան խանգարումներ: Հ–ի առաջացման պատճառներն են` երկարատև թերսնուցումը և քաղցը, նյութափոխանակության ծանր խանգարումները, քրոնիկական թունավորումները (կապարով, սնդիկով, ֆտորով ևն), ստամոքս–աղիքայհն համակարգի ծանր ախտահարումները (աղիքների լորձաթաղանթի ատրոֆիա), ստամոքսի և աղիքների վիճակը մասնահատումից (ռեզեկցիա) հետո: Հ. կարող է առաջանալ նաև տուբերկուլոզի ծանր ընթացքի, քրոնիկական այլ ինֆեկցիաների, ներքին սեկրեցիայի գեղձերի (հիպոֆիզ, վահանագեղձ, մակերիկամ, ենթաստամոքսային գեղձ) ախտահարումների, տարածուն, չբուժվող վերքերի, թարախակալումների, չարորակ ուռուցքների (հատկապես կերակրափողի և ստամոքսի) դեպքերում: