ՀՍՀ/ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ Մայր ցամաք Արևմտյան կիսագնդում: Ծայրակետերն են. հյուսիսում` Մերչիսոն (71 50 հս. լայնություն), արմ–ում` Ուելսի արքայազնի (168 արմ. երկայնություն), արլ–ում` Սենտ Չառլզ (5540 արմ. երկայնություն) հրվանդանները: Պանամայի պարանոցով միանում է Հարավային Ամերիկային: Տարածությունը 20360 հզ. կմ² է (կղզիների հետ` 24259 հզ. կմ²): Խոշոր կղզիներն են Գրենլանդիան, Կանադական Արկտիկական և Ալեքսանդրի արշիպելագները, Վեստ Ինդիան, Ալեության և Շառլոտա թագուհու կղզիները, Վանկուվեր կղզին, թերակղզիները` Բութիան, Մելվիլը, Լաբրադորը, Ֆլորիդան, Յուկատանը, Կալիֆոռնիան, Ալյասկան, Սյուարդը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Ատլանտյան, Խաղազ օվկիանոսներով ու նրանց ծոցերով (Հուդզոնի, Մեքսիկական, Կալիֆոռնհայի): Առավել կտրտված են Գրենլանդիայի, Կանադական Արկտիկական արշիպելագի արլ. մասի, Կանադայի և Հարավային Ալյասկայի Խաղաղօվկիանոսյան ափերը: Բնությունը Հ. Ա–ի մակերևույթն ունի անհամաչափ կառուցվածք: Արևմտյան մասը զբաղեցնում են Կորդիլիերաները, արլ. մասը` ընդարձակ հարթավայրերն ու ոչ բարձր լեռները: Մայր ցամաքի միջին բարձրությունը 720 մ է: Ռելիեֆի հիմնական միավորներն են Կորդիլիերաների ու Ապալաչների լեռնային համակարգերն ու սրանց միջև ընկած հարթավայրերը: Հս–ում և հս–ար–ում Լավրենտյան բարձրությունն է, որից հվ. գտնվում են Կենտրոական հարթավայրերը: Վերջիններս դեպի արմ. աստիճանաբար անցնում են Մեծ հարթավայրերին, որոնցից հս. Մակենզիի դաշտավայրն է: Կենտրոնական հարթավայրերը արլ–ից երիզված են Ապալաչյան լեռներով: Մայր ցամաքի հվ–արլ մասում տարածվում են Մերձատլանտյան և Մեքսիկական դաշտավայրերը: Կորդիլիերաների համակարգն ընդգրկում է բազմաթիվ լեռնային աղեղներ և նրանց միջև ընկած ներքին սարահարթերի գոտին, որը եզրավորված է Ալեության, Ալյասկայի (Մաք Կրնլի լեռ, 6193 մ, Հ. Ա–ի ամենաբարձր լեռը), Ս. Եղիայի, Առափնյա, Կասկադյան, Սիեռա Նևադա, Արևմտյան Սիեռա Մադրե և այլ լեռնաշղթաներով: Վերջիններից արմ. գտնվող իջվածքների գոտին զբաղեցված է ծովածոցերով (Կուկի, Փյուջեթ Սաունդ, Կալիֆոոնիայի) կամ դաշտավայրերով: Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները: Հ. Ա–ի մեծ մասը զբաղեցնում է Հյուսիս–Ամերիկյան մինչքեմբրյան պլատֆորմը: Վերջինիս հարակից են կալեդոնյան (Գրենլանդիա, Նյուֆաունդլենդ կղզի, Հյուսիսային Ապալաչներ), հերցինյան (Հարավային Ապալաչներ, Կանադական Արկտիկական արշիպելագ) և մեզոկայնոզոյան (Կորդիլիերաներ) լեռնային կառուցվածքները: Հ. Ա–ի բարձր լեռներն ու սարահարթերը ենթարկվել են չորրորդական սառցապատման: Օգտակար հանածոների հանքավայրերի մեծ մասը գտնվում են Կանադական վահանում և Կորդիլիերաներում: Վերին լճի շրջանում և Լաբրադոր թերակղզում կան երկաթի, Հուրոն լճից հս.` սուլֆիդների, պղնձի, նիկելի, ուրանի, Պորկյուպայն գետի ավազանում` ոսկու հանքավայրեր: Քարածխով հարուստ են Ապալաչները (Արևելյան Փենսիլվանիան տալիս է ԱՄՆ–ում արդյունահանվող անտրացիտի 95–ը): Կորդիլիերաներում կան ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, կապարի, մոլիբդենի, վոլֆրամի, սնդիկի, ուրանի հանքավայրեր, քարածեփ, ֆոսֆորիտների և այլ հանքանյութերի երևակումներ, Կալիֆոռնիայում, Հարավային Ալյասկայում և ժայռոտ լեռների արլ–ում` նավթի ու գազի հանքավայրեր:
Կլիման: Հ. Ա–ի կլիման բազմազան է` արկտիկականից մինչև մերձհասարակածայինը: Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների արևադարձային գոտուն բնորոշ են Ազորյան և Հավայան մաքսիմումները (անտիցիկլոնները): Հունվարի միջին ջերմաստիճանը –36°C–ից (Կանադական Արկտիկական արշիպելագ) 20°C է (Ֆլորիդայի և Մեքսիկական բարձրավանդակի հվ.): Ալյասկայում և Կանադայի հս` արմ–ում դիտվել է –64°C, Գրենլանդիայում` 70°C ցրտություն: Լաբրադորյան ցուրտ հոսանքի և հս. կղզիներից ու տունդրայից փչող հս–արմ. քամիների հետևանքով Հ. Ա–ի հս–արլ. մասի ձմեռային միջին ջերմսատիճանները 10–12°C–ով պակաս են նույն աշխարհագրական լայնության վրա գտնվող Արևմտյան Եվրոպայի օդի միջին ջերմաստիճաններից: Խաղաղօվկիանոսյան ափի հս. մասում, հս. լայնության 42–ից սկսած, մշտապես փչում են հվ–արմ. ցիկլոններ, ձմեռները ցուրտ են, ձյունառատ: Մայր ցամաքի միջին մասում և Կալիֆոռնիայի արմ–ում միջերկրածովյան կլիմա է: Հս. լայնության 30–ից հվ., մշտապես փչող հս–արլ. պասսատների պատճառով կլիման տիպիկ անապատային է: Արկտիկական կղզիներում հուլիսի միջին ջերմաստիճանը 4°C է, տունդրայի հվ. մասերում` 10°C, ԱՄՆ–ի կենտրոնական շրջաններում` 25–26°C, հվ–արմ–ում` 32°C: Առավել բարձր ջերմաստիճաններ լինում են Կորդիլիերաների ներքին գոգավորություններում: Մահվան հովտում առավելագույն ջերմաստիճանը 57°C–է (ամենաբարձր ջերմաստիճանը Արևմտյան կիսագնդում): Հ. Ա–ում մթնոլորտային տեղումները լինում են գլխավորապես ամռանը: Առավելագույն տեղումներ (2000– 3000 մմ, տեղ–տեղ` 6000 մմ) լինում են Ալյասկայի հվ–արլ–ում, Կանադայի արմ–ում և ԱՄՆ–ի հս–արմ–ում: Կենտրոնական հարթավայրերում և մայր ցամաքի հս–արլ–ում տեղումները 600–1000 մմ են, ներքին սարահարթերում, սարավանդներում ու Կալիֆոռնիայում` 100–150 մմ: Ձյուն տեղում է Հ. Ա–ի մեծ մասում, սակայն կայուն ձյունածածկույթ գոյանում է հս. լայնության 40–ից հս.: Տունդրայում ձյան շերտի խորությունը հասնում է մինչև 1 մ–ի: Հ. Ա–ում սառցադաշտերը գրավում են ավելի քան 2 մլն կմ² տարածություն (որից 1,8 մլն կմ²–ը Գրենլանդիայում): Սառցադաշտեր կան նաև Կանադական Արկտիկական արշիպելագի կղզիներում, Ալյասկայի հվ. շրջաններում:
| Աշխարհագրական լայնությունը (հյուսիսային) | Աշխարհագրական երկայնությունը (արևմտյան) | Բարձ. ծովի մակարդակից | Դիտման կայանը | Կլիմայական գոտի | Տարեկան տեղումների քանակը, մմ | Օդի միջին ջերմաստիճանը ըստ ամիսների °C-ով (առավելագույնը) | Օդի միջին ջերմաստիճանը ըստ ամիսների °C-ով (նվազագույնը) | Տեղումների քանակը մմ-ով ըստ ամիսների (առավելագույնը) | Տեղումների քանակը մմ-ով ըստ ամիսների (նվազագույնը) |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 69°14' | 53°31' | 11 | Գողհավն | Արկտիկական | 240 | 8 (օգոստոս) | -19 (փետրվար) | 38 (հունիս) | 13 (փետրվար) |
| 70°23' | 156°17' | 7 | Բառոու | Արկտիկական | 110 | 5 (հուլիս) | -28 (փետրվար) | 24 (հունիս) | 3 (ապրիլ) |
| 59°00' | 158°25' | 24 | Դիլինհեմ | Մերձարկտիկական | 740 | 13 (հուլիս) | -9 (փետրվար) | 100 (սեպտեմբեր) | 33 (ապրիլ) |
| 60°00' | 111°52' | 207 | Ֆորտ Սմիթ | Մերձարկտիկական | 300 | 16 (հուլիս) | -27 (հունվար) | 55 (հուլիս) | 2 (մարտ) |
| 58°12' | 62°21' | 15 | Հիբրոն | Մերձարկտիկական | 230 | 9 (օգոստոս) | -21 (հունվար) | 84 (սեպտեմբեր) | 13 (փետրվար) |
| 54°18' | 130°18' | 52 | Պրինս Ռուպերտ | Բարեխառն | 2500 | 14 (օգոստոս) | -2 (հունվար) | 311 (նոյեմբեր) | 103 (հուլիս) |
| 54°18' | 97°07' | 232 | Վիննիպեգ | Բարեխառն | 510 | 19 (հուլիս) | -19 (հունվար) | 80 (հուլիս) | 22 (փետրվար) |
| 42°21' | 71°04' | 38 | Բոստոն | Բարեխառն | 1100 | 22 (հունիս) | -2 (փետրվար) | 100 (հունվար) | 70 (հունիս) |
| 37°48' | 122°26' | 47 | Սան Ֆրանցիսկո | Մերձարևադարձային | 500 | 15 (սեպտեմբեր) | 10 (հունվար) | 110 (հունվար) | 0 (հուլիս) |
| 40°58' | 117°43' | 1324 | Ուինեմաքա | Մերձարևադարձային | 200 | 21 (հուլիս) | -2 (հունվար) | 30 (հուլիս) | 5 (հունվար) |
| 39°05' | 94°37' | 274 | Կանզաս Սիթի | Մերձարևադարձային | 1000 | 26 (հուլիս) | -4 (հունվար) | 130 (մայիս) | 30 (հունվար) |
| 38°54' | 77°03' | 10 | Վաշինգտոն | Մերձարևադարձային | 1100 | 26 (հուլիս) | 2 (հունվար) | 120 (հուլիս) | 60 (նոյեմբեր) |
| 25°45' | 110°18' | 18 | Լա Պաս | Արևադարձային | 180 | 26 (օգոստոս) | 17 (հունվար) | 50 (սեպտեմբեր) | 0 (մարտ) |
| 19°24' | 99°11' | 2309 | Մեխիկո | Արևադարձային | 760 | 17 (մայիս) | 12 (հունվար) | 170 (հունիս) | 5 (հունվար) |
| 25°48' | 80°12' | 8 | Մայամի | Արևադարձային | 1400 | 28 (օգոստոս) | 20 (հունվար) | 230 (հունիս) | 50 (դեկտեմբեր) |
| 14°34' | 92°26' | 657 | Տապաչուլա | Մերձհասարակածային | 2500 | 25 (մայիս) | 23 (հունվար) | 470 (հունիս) | 10 (մարտ) |
Ներքին ջրերը: Հ. U. հարուստ է գետերով ու լճերով: Գետերի միջին տարեկան հոսքը 8200 կմ³ է: Խաղաղ օվկիանոսի ավազանին են պատկանում Յուկոն, Ֆրեյզեր, Կոլումբիա, Կոլորադո, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանին` Մակենզի, Սասկաչևան–Նելսոն, Չերչիլ և այլ գետեր, Ատլանտյան օվկիանոսի ավազանին` Միսսիսիպիի համակարգը, Ս. Լավրենտիոս գետը: Հ. Ա–ում են գտնվում Մեծ լճերը (Վերին, Միչիգան, Հուրոն, Էրի, Օնտարիո, 246000 կմ² ընդհանուր մակերեսով), Մեծ արջի, Մեծ ստրկական, Աթաբասկա, Եղջերուի, Վիննիպեգ, Վիննիպեգոսիս, Մանիթոբա և այլ լճեր:
Հողերը: Տարածված են հողերի բազմազան տիպեր` արկտիկականից մինչև արևադարձայինը: Լայնակի զոնայականությունը բնորոշ է մայր ցամաքի հս. մասին: Միսսիսիպի գետից արլ. և Մեծ լճերից հվ. տարածվում են անտառային գորշ հողերը, ավելի հվ.` մինչև Մեքսիկական ծոցի ափերը, մերձարևադարձային կարմրահողերը և դեղնահողերը: Միսսիսիպիից արմ., միջօրեականի ուղղությամբ (Կորդիլիերաներին զուգահեռ) ձգվում են պրերիաների սևահողերի և շագանակագույն հողերի զոնաները, Կորդիլիերաների հս. լանջերին` դարչնագույն և գորշ լեռնաանտառային հողերը: Ներքին սարահարթերում տարածվում են մոխրա–գորշավուն անապատային ու մոխրագույն հողերը, որոնց մեջ զգալի տեղ են գրավում սորուն ավազներն ու աղուտները: Կենտրոնական Ամերիկայում և Վեստ Ինդիայում տարածվում են արևադարձային կարմրահողերը և սավաննաների կարմրագորշ հողերը:
Բուսականությունը: Հ. Ա–ի մեծ մասը գտնվում է Հոլարկտիկ բուսաաշխարհագրական մարզի սահմաններում: Մեքսիկական բարձրավանդակը, Կենտրոնական Ամերիկան և Վեստ Ինդիան պատկանում են Նեոարևադարձային բուսաաշխարհագրական մարզին: Կանադական Արկտիկական արշիպելագի հս. կեսը և Գրենլանդիա կղզու հս. ափերը բուսականությունից զուրկ արկտիկական անապատներ են: Կղզիների հվ–ում և մայր ցամաքի հս–ում տարածված են մամռային, մամռաքարաքոսային և թփուտային տունդրաները, ավելի հվ.` փշատերև անտառների զոնան, որը զբաղեցնում է մայր ցամաքի տարածքի մոտ 1 3–ը: Բնորոշ ծառատեսակների հետ մեկ տեղ աճում են դեղին սոճի, մինչև 150 մ բարձրության սեկվոյաներ («մամոնտի ծառ») ևն: Տայգայից հվ., Ապալաչների լանջերը ծածկված են լայնատերև անտառներով (շագանակենի, կաղնի, թխկի, լորենի, կակաչի ծառ ևն): Միսսիսիպիից արմ. անտառներն աստիճանաբար փոխարինվում են պրերիաներով ու տափաստաններով: Մերձատլանտյան և Մերձմեքսիկական դաշտավայրերում տարածված են մերձարևադարձային անտառները` սոճու, սոճու–կաղնու և այլ մշտականաչ ծառատեսակների խառնուրդով: Կորդիլիերաների ներքին սարահարթերում աճում են չորասեր բույսեր (օշինդր, սուկուլենտներ ևն): Մեքսիկական բարձրավանդակի և Ֆլորիդայի հվ–ում, Կենտրոնական Ամերիկայում և Վեստ Ինդիայում գերակշռում են արևադարձային մշտականաչ անտառներն ու սավաննաները: Հ. U. եգիպտացորենի, լոլիկի, կակաոյի, վանիլի, տաքդեղի, անանասի, ծխախոտի, արևածաղկի հայրենիքն է:
Կենդանական աշխարհը: Հ. Ա–ի մեծ մասը մտնում է Հոլարկտիկական կենդանաաշխարհագրական մարզի մեջ: Ինչպես ֆլորայով, այնպես էլ ֆաունայով Հ. Ա. նման է Եվրոպային և արտաարևադարձային Ասիային, տարբեր է Կենտրոնական Ամերիկայից ու վեստ Ինդիայից: Բնորոշ կենդանիներն են կարիբու եղջերուն, գայլը, սպիտակ արջը, խոյացուլը (Գրենլանդիայում), բևեռային աղվեսը, կուղբը, որմզդեղնը, կանադական լուսանը, կարմիր սկյուռը, մշկամուկը, վիրջինյան եղջերուն, գորշ արջը, փորսուղը» կարմիր լուսանը են: Բիզոն պահպանվել է արգելանոցներում: Շատ են կրծողները, սողունները, հատկապես շառաչող օձը: Կենտրոնական Ամերիկայի անտառներին բնորոշ են գետակինճը, պեկարի խոզը, ամերիկյան հովազը, կատվառյուծը ևն: Հ. Ա–ում կա 55 ազգային պարկ (27–ը ԱՄՆ–ում), որոնցից առավել հայտնի են Ելլոուսթոնյան ազգային պարկը, Մեծ Կանիոնը, Բանֆը, Ջասպերը ևն: Հայտնադործման և հետազոտությունների պատմությունը: Հ. Ա. եվրոպացիներից առաջին անգամ թափանցել են նորմանները, որոնք X դ. հասել են մինչև Գրենլանդիա: Դրանից ավելի քան հինգ դար հետո Ք. Կոլումբոսը Իսպանիայից արմ. ուղղությամբ դեպի «Հնդկաստան» նավարկելիս, 1492–ի հոկտ. 12–ին (Ամերիկայի հայտնագործման տարեթիվը) ափ իջավ Սան Սալվադոր կղզում: Նրա հաջորդ երեք ճանապարհորդությունների ժամանակ (մինչև 1504) հայտնագործվեցին Անտիլյան կղզիները, Կենտրոնական Ամերիկայի ամբողջ արլ. ծովեզերքը: XVI դ. իսպ. կոնկիստադորները նվաճեցին Բահամյան կղզիների հս. խումբը, Ֆլորիդա թերակղզին, ացտեկների երկիրը (Մեքսիկան), Կալիֆոռնիա թերակղզին ևն: Անգլիացիներն ու ֆրանսիացիները փորձում էին Հնդկաստան հասնել Հ. Ա–ի արկտիկական ափերի մոտով` Հյուսիս–արևմտյան ծովանցքով: Այդ ուղու որոնումների ընթացքում XV դ. վերջում և XVI դ. հայտնագործվեցին մեծ թվով կղզիներ (Նյու–ֆաունդլենդ, ՔեյՓ Բրետոն ևն), Հ. Ա–ի հս–արլ. թերակղզիները և արլ. ափերը` մինչև Ֆլորիդա: Հ. Ա–ի ծայր հս. մասերը և Սառուցյալ օվկիանոսի կղզիները հայտնաբերեցին Մ. Ֆրոբիշերը, Ջ. Դեյվիսը, Հ. Հուդզոնը, Ու. Բաֆինը: XVIII դ. սկզբներին մայր ցամաքի հս–արմ. ափեր հասան ռուսները` Վ. Բերինգի, Ա. Չիրիկովի, Ա. Մելնիկովի. Մ. Գվոզդևի, 1780–ական թթ.` Գ. Շելիխովի, Գ. Պրիգիլովի, Ա. Բարանովի ղեկավարությամբ: XIX դ. սկզբներին Հյուսիս–արևմտյան ծովանցքի նոր որոնումներ կատարեցին Օ. Կոցեբուն, Ու. Պարին, Ջ. Ֆրանկլինը, Ջ. Ռիչարդսոնը, Ջոր Ռոսսը և Ջեյմս Ռոսսը: 1850–ական թթ. խաղաղօվկիանոսյան ափերի հետազոտություններ կատարեցին Ֆ. Վրանգելը և Ու. Քենեդին, Ժ. Բելոն: 1892–95–ին Ռ. Պիրիի արշավախումբը երկու անգամ արմ–արլ. անցավ Գրենլանդիա կղզին: Հյուսիս–արևմտյան ծովանցքով արլ–արմ. առաջին անգամ նավարկեց (1903–06) նորվեգացի Ռ. Ամունդսենը, իսկ 1940–42–ին հակառակ ուղղությամբ անցավ կանադական «Սենտ–Ռոժ» նավը: Հ. Ա–ի ներքին մասերը հայտնագործվում և հետազոտվում էին մայր ցամաքի գաղութացմանը զուգընթաց: XVII և XVIII դդ. Կանադայի տերիտորիան հետազոտեցին ֆրանսիացիները, ապա` անգլիացիները: XIX դ. Հ. Ա–ի կենտրոնական մասերը և արմ. Հետազոտեցին Մ. Լյուիսը, Ու. Աշլին, Ջ. Պաուելը և ուրիշներ: Արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման և հումքի աղբյուրների որոնումների ընթացքում հետազոտվում էին նաև բնական ռեսուրսները (առավելապես` Ապալաչների, Կենտրոնական հարթավայրերի, Կորդիլիերաների), ռելիեֆը, երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները, կլիմայական պայմանները, բուսականությունը, հողերը ևն:
Բնակչությունը: Հ. Ա–ի Ժամանակակից բնակչությունը կազմված է երեք ռասաների ներկայացուցիչներից: Նախնական բնակչությունը (հնդկացիներ, էսկիմոսներ), ինչպես նաև հետագայում Ասիայից վերաբնակվածները, պատկանում են մոնղոլոիդ ռասայի տարբեր ճյուղերի, Եվրոպայից վերաբնակեցվածների հետնորդները` եվրոպեոիդ ռասային, իսկ Աֆրիկայից վերաբնակվածների հետնորդները` նեգր n–ավստրալոիդ ռասային: Զզալի քանակ են կազմում խառնված ռասայական խմբերը (մուլատներ, մետիսներ ևն): Հ. Ա–ի բնակչության մեծ մասը հիմնականում Եվրոպայից, մասամբ` Ասիայից XVI XIX դդ. վերաբնակվածների, ինչպես նաև Աֆրիկայից XVII–Х III դդ. բերված ստրուկների հետնորդներն են: Բնիկ ժողովուրդները (հնդկացիներ, էսկիմոսներ, ալեութներ) կազմում են Հ. Ա–ի բնակչության փոքր մասը: Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի այժմյան բնակչությունը ձևավորվել է հիմնականում եկվոր իսպանացիների և տեղացի հնդկացիների միասերումից: Դրանք մարդաբանական առումով խառնածիններ (մետիսներ) են: Խոսում են իսպաներեն: Կարիբյան ծովի կղզիներում բնակվում են առավելապես նեգրեր և մուլատներ, ինչպես նաև եվրոպացիների և աֆրիկյան նեգրերի հետնորդներ, որոնց մեծ մասը խոսում են համապատասխան եվրոպական լեզուներով: ԱՄՆ–ում տիրապետում է անգլերենը, Կանադայում` անգլերենն ու ֆրանսերենը: Այս երկրներում տարբեր երկրներից ներհոսքը հանգեցնում է նոր խմբերի առաջացմանը, որոնք աստիճանաբար ձուլվում են ամերիկացիներին և անգլո–կանադացիներին: ԱՄՆ–ում առանձնանում են նեգրերը, որոնք զգալիորեն պահպանում են մարդաբանական և որոշ մշակութային գծեր: Հ. Ա–ի անգլիախոս ժողովուրդներն են ԱՄՆ–ի ամերիկացիները (մոտ 190 մլն. որից` ավելի քան 25 մլն նեգրեր, այստեղ և հետագայում տրվում են 1973–ի տվյալներ), անգլո–կանադացիները (մոտ 10 մլն), ճամայկացիները (2 մլն), տրինիդադեցիները (950 հզ.), բարբադոսցիները (240 հզ.), բահամցիները (175 հզ.), Բելիզի բնակչությունը (120 հզ.), մասամբ նաև Իտալիայից (4,5 մլն), Գերմանիայից (3,8 մլն), Անգլիայից (3,5 մլն), Լեհաստանից (2,8 մլն), Ռուսաստանից (2,5 մլն), սկանդինավյան երկրներից (1,8 մլն), Պուերտո Ռիկոյից և այլ երկրներից ԱՄՆ և Կանադա ներգաղթածները: Իսպանալեզու են մեքսիկացիները (մոտ 50 մլն), կուբացիները (8,8 մլն), դոմինիկցիները (4,5 մլն), սալվադորցիները(3,5 մլն), գվատեմալցիները(31 մլն), պուերտոռիկոցիները (2,9 մլն), հոնդուրասցրները (2,5 մլն), նիկարագուացիները, կոստառիկացիները (յուրաքանչյուրը` 1,9 մլն) և պանամացիները (1,5 մլն), ֆրանսալեզու են ֆրանկոկանադացիները (6,6 մլն), հայիթիցիները, մարտինիկցիները, գվադելուպցիները (340–ական հզ.): Հնդկացիները (ընդհանուր թիվը չի գերազանցում 10 մլն–ից) առավելապես պահպանվել են հվ–արլ. Մեքսիկայում և արմ. Գվատեմալայամ, Հոնդուրասի, Պանամայի և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրների սակավ մատչելի, Ալյասկայի միջին շրջաններում, Հյուսիսային Կանադայում, ԱՄՆ–ի և Կանադայի ռեզերվացիաներում: Նրանք հետզհետե ընդունում են տիրապետող եվրոպական լեզուները: Ծայր Հյուսիսում ցամաքի և արկտիկական կղզիների երկարությամբ սփռված են էսկիմոսները (մոտ 70 հզ.), Ալեության կղզիներում` ալեութների մնացորդները (մոտ 5 հզ.): Հ. Ա–ի երկրներում բնակվում են մոտ 470 հզ. հայեր (ԱՄՆ–ում` 450 հզ., Կանադայում` 15 հզ.): Հ. Ա–ի բնակչության մեծ մասը կաթոլիկներ, զանազան հոսանքների բողոքականներ ու աղանդավորներ են, կան ուղղափառներ, հուդայականներ, բուդդայականներ ևն:
Քաղաքական բաժանումը: Անգլիական գաղութների ազատագրական պայքարի ընթացքում (տես Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում 1775–7783), 1776–ին կազմավորվեց Հ. Ա–ի առաջին անկախ պետությունը` Ամերիկայի Միացյալ Նահանգները: XIX դ. 1–ին քառորդում անկախություն ձեռք բերեցին նախկին իսպանական գաղութներ Մեքսիկան, Գվատեմալան, Հոնդուրասը, Կոստա Ռիկան, Նիկարագուան, Սալվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը (Հայիթի կղզու արլ. մասում) և ֆրանս. գաղութ Հայիթին (համանուն կղզու արմ. մասը): 1867–ին Բրիտանական կայսրության կազմում դոմինիոնի ստատուս ձեռք բերեց Կանադան (այժմ` անկախ պետություն բրիտ. համագործակցության շրջանակներում. 1949–ին Կանադային միացվեց նաև Նյուֆաունդլենդը), ԱՄՆ–ը ցարական Ռուսաստանից գնեց Ալյասկան և Ալեության կղզիները: 1898–ին անկախ հանրապետություն հռչակվեց Կուբան, 1903–ին` Պանաման, որոնք փաստական կախման մեջ մնացին ԱՄՆ–ից: 1959–ի հեղափոխության հաղթանակից հետո Կուբան դարձավ Ամերիկայի առաջին սոցիալիստական պետությունը: Մինչև 1974–ը անկախություն ձեռք բերեցին նախկին անգլ. գաղութներ Ճամայկան, Տրինիդադ և Տոբագոն, Բարբադոսը, Բահամյան կղզիները, Գրենադան, 1978–ին` Դոմինիկա կղզին: Հ. Ա–ի շատ տերիտորիաներ դեռևս գաղութային կախման մեջ են կապիտալիստական որոշ պետություններից:
| Պետություններ | Տարածությունը հզ. քառ. կմ | Բնակչությունը հզ. մարդ | Տարեթիվը | Մայրաքաղաքը կամ վարչական կենտրոնը |
|---|---|---|---|---|
| Անկախ պետություններ | ||||
| ԱՄՆ | 9363.2 | 217,7 | 1978 | Վաշինգտոն |
| Բահամյան կղզիներ | 13,86 | 210 | 1976 | Նասաու |
| Բարբադոս | 0.430 | 250 | 1976 | Բրիջթաուն |
| Գվատեմալա | 108,9 | 6260 | 1976 | Գվատեմալա |
| Գրենադա | 0.344 | 106,2 | 1974 | Սենտ Ջորջես |
| Դոմինիկա | 0.790 | 80 | 1977 | Ռոզո |
| Դոմինիկյան Հանրապետություն | 48.7 | 4840 | 1976 | Սանտո Դոմինգո |
| Կանադա | 9976,19 | 23500 | 1978 | Օտտավա |
| Կոստա Ռիկա | 50,9 | 2,070 | 1977 | Սան Խոսե |
| Կուբա | 110,992 | 9700 | 1977 | Հավանա |
| Հայիթի | 27.8 | 4750 | 1977 | Պորտ • Պրենս |
| Հոնդուրաս | 112.1 | 3380 | 1977 | Տեգուսիգալպա |
| Ճամայկա | 11.5 | 2100 | 1976 | Կինգսթոն |
| Մեքսիկա | 1958,2 | 62500 | 1977 | Մեխիկո |
| Նիկարագուա | 148 | 2231 | 1977 | Մանագուա |
| Պանամա | 77,08 | 1771 | 1977 | Պանամա |
| Սալվադոր | 214 | 4260 | 1977 | Սան Սալվադոր |
| Սենտ Վինսենտ և Գրենադիններ | 0,389 | 106 | 1975 | Կինգսթաուն |
| Սենտ Լյուսիա | 0,616 | 115 | 1976 | Կաստրի |
| Տրինիդադ և Տոբագո | 5,128 | 1200 | 1977 | Պորտ օֆ Սպեյն |
| Կապիտալիստական պետությունների տիրույթները | ||||
| Մեծ Բրիտանիայի տիրույթներ | ||||
| Անտիգուա | 0,442 | 77 | 1976 | Սենտ Ջոնս |
| Բելիզ | 23 | 150 | 1977 | Բելմոպան |
| Բերմուդյան կղզիներ | 0,053 | 56,4 | 1976 | Համիլտոն |
| Կայման կղզիներ | 0,259 | 13 | 1975 | Ջորջթաուն |
| Մոնտսեռատ | 0,101 | 13,3 | 1976 | Պլիմուտ |
| Սենտ Քրիստոֆեր (Մենտ Կիաս) Նևիս Անգիլիա | 0,401 | 66 | 1976 | Բաստեր |
| Վիրջինյան կղզիներ (մի մասը) | 0,153 | 11 | 1976 | Ռոդ Թաուն |
| Թերքս և Քայքոս կղզիներ | 0,430 | 7 | 1976 | Գրանդ Թերքս |
| ԱՄՆ-ի տիրույթներ | ||||
| Պուերտո Ռիկո | 8,9 | 3200 | 1976 | Սան Խուան |
| Վիրջինյան կղզիներ (մի մասը) | 0,344 | 100 | 1977 | Շառլոտա Ամալիա |
| Ֆրանսիայի տիրույթներ | ||||
| Գվադելուպա | 1,780 | 350 | 1976 | Բաս Տեր |
| Մարտինիկա | 1,1 | 325 | 1978 | Ֆոր դե Ֆրանս |
| Սեն Պիեռ և Միքելոն | 0,242 | 5,8 | 1974 | Սեն Պիեռ |
| Նիդերլանդների տիրույթ | ||||
| Նիդերլանդական Անտիլյան կղզիներ | 1,011 | 245 | 1977 | Վիլլեմստադ |
| Դանիայի տիրույթ | ||||
| Գրենլանդիա | 2175,6 | 50 | 1978 | Գոտևոր |
Գրկ. Боли А., Северная Америка, пер. с франц., М., 1948 Игнатьев Г. М., Северная Америка. Физическая география, М., 1965.
