ՀՍՀ/ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱԿՈԹԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԴԱԿՈԹԱ (North Dakota), նահանգ ԱՄՆ–ի հյուսիսում: Սահմանակից է Կանադային: Տարածությունը 183 հզ. կմ² է, բնակչությունը` 618 հզ. (1970), վարչական կենտրոնը` Բիսմարկ: Մակերևույթը գետերով կտրտված, թեք հարթություն է: Հունվարի միջին ջերմաստիճանը –19°C–ից – 22°C է, հուլիսինը` 20– 23°C, տարեկան տեղումները` 400–500 մմ: Գլխավոր գետը Միսսուրին է: Տարածված են գորշանտառային և սևահողանման հողերը: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գլխավոր կուլտուրան` գարնանացան ցորենը (որի բերքահավաքով Հ. Դ. գրավում է երկրորդ տեղը երկրում, Կանզասից հետո): Մշակում են նաև վարսակ, գարի, տարեկան, եգիպտացորեն, գանգրաթել վուշ: Զբաղվում են անասնապահությամբ: Զարգացած է սննդի արդյունաբերությունը: Արդյունահանվում է նավթ, գազ, գորշ ածուխ:
